Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց «ՀԷՑ»-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան

17.11.2025, 15:24
Հանձնաժողովի որոշման նախագիծը քվեարկության դրվեց այսօր
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց «ՀԷՑ»-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբեր․/ԱՌԿԱ/.   Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։

Նշենք, որ հանձնաժողովի որոշման նախագիծը քվեարկության դրվեց այսօր: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրապարակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որի քվեարկությունը նշանակված էր նոյեմբերի 13–ին։

Նախագծում նշվում էր, որ ընկերությունը «չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել» «Էներգետիկայի մասին» օրենքով և ՀԾԿՀ–ի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը, ինչը վտանգում է և կարող է վտանգել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը և կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

Նշվում էր, որ հանձնաժողովը 2025թ․–ի հուլիսի 18–ից, ՀԾԿՀ նախագահի որոշմամբ, ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարել ՀԷՑ-ն ազգայնացնել կամ վաճառել «միջազգային, հեղինակավոր մասնագիտացված ընկերությանը՝ պահպանելով կառավարության բաժնեմասը»։ Նա հայտարարել էր, որ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը կախված կլինի գնից, որը կորոշվի համակողմանի վերլուծության հիման վրա։