Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի պետբյուջեի պակասուրդը հունվար–օգոստոս ամիսներին կազմել է 1,2 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն

05.10.2012, 16:34
Հայաստանի պետական բյուջեն 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին կատարվել է 1,2 մլրդ դրամի պակասուրդով, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։
Հայաստանի պետբյուջեի պակասուրդը հունվար–օգոստոս ամիսներին կազմել է 1,2 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին կատարվել է 1,2 մլրդ դրամի պակասուրդով, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։

«Միաժամանակ ընթացիկ տարվա ինը ամիսների արդյունքներով բյուջեում նախատեսված է 57,4 մլրդ դրամի պակասուրդ»,– ասաց նա։

Ըստ Զարգարյանի, պետբյուջեի եկամուտները 2012թ.–ի ութ ամիսների արդյունքներով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 6,5 տոկոսով կամ 35,7 մլրդ դրամով` կազմելով 587,9 մլրդ դրամ, որն ապահովել է երեք եռամսյակների ճշտված ծրագրի իրագործման 89,1 տոկոսը։

«Եկամուտների հիմնական մասը` 553,5 մլրդ դրամը, ապահովվել է հարկերի, տուրքերի, ինչպես նաև սոցիալական ապահովագրման ուղղությամբ կատարված պարտադիր վճարումների հաշվին, ինչը 8,1 տոկոսով (41,5 մլրդ դրամով) շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Դա հիմնականում պայմանավորված է շահույթի, եկամտահարկի, ԱԱՀ–ի և բնապահպանական վճարումների հարկի աճով»,– նշեց նա։

Զարգարյանը նշեց, որ պետբյուջեի ծախսերը հունվար–օգոստոս ամիսներին կազմել են 589,1 մլրդ դրամ, ինչը 3,9 տոկոսով կամ 22,2 մլրդ դրամով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։

«Պետբյուջեի ծախսերի մեծ մասը կազմել են ընթացիկ ծախսերը` 546,9 մլրդ դրամ, ինչը 7,1 տոկոսով կամ 36,4 մլրդ դրամով շատ է նախորդ տարվա ցուցանիշից»,– հայտնեց նա` ավելացնելով, որ բյուջեի ծախսերի ծրագրերի շրջանակներում` պետական մարմինների բոլոր պարտավորությունները լիովին կատարվել են։

2011թ.–ի դեկտեմբերի 8–ին ՀՀ ԱԺ–ի ընդունած պետբյուջեում եկամուտները նախատեսված են 911,6 մլրդ դրամի, ծախսերը` 1044,1 մլրդ դրամի, իսկ պակասուրդը` 132,5 մլրդ դրամի չափով ։

Եկամուտների հոդվածում առավելագույն տեսակարար կշիռը բաժին է ընկնում  732 մլրդ դրամ հարկային եկամուտներին, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներին` 142 մլրդ դրամ։ 

2012 թվականին մոտ 100 մլրդ դրամի չափով հարկային մուտքերի աճ ապահովելու համար խորհրդարանը օրենսդրական փաթեթ է ընդունել։ Մասնավորապես ավելի քան 90 հազար դոլար արժողությամբ թանկարժեք ավտոմեքենաների համար ներմուծվել է «շքեղության հարկ», 50 տոկոսով ավելացվել է թանկարժեք ալկոհոլային խմիչքների ոլորտի հարկման բազան, մինչև 25 տոկոսով բարձրացվել է 2 մլն դրամ կամ ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար նախատեսված եկամտահարկը և 50 տոկոսով ավելացվել են խաղատների ֆիքսված վճարները

Եկամուտների ծավալը նախատեսվում է ավելացնել 7 տոկոսով`2011թ.–ին հաստատված ցուցանիշի համեմատ  (852,4 մլրդ դրամ)։ Պետբյուջեի ծախսային մասը 2011թ.–ի համեմատ ավելացվել է գրեթե 43,1 մլրդ դրամով։ Միաժամանակ ծախսային հոդվածի 897,5 մլրդ դրամը բաժին է հասնում ընթացիկ ծախսերին, իսկ 148,412 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների ուղղությամբ զուտ ծախսերին ($1 – 408,38 դրամ)։ --0—