Հայաստանի վարչապետը տրամաբանական է համարել «ՀայՌուսգազարդում» պետբաժնի վաճառքի գործարքը
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը տրամաբանական է համարում «ՀայՌուսգազարդում» պետբաժնի վաճառքի գործարքը։
Գազպրոմը 2014 թվականի հունվարի 6–ին պայմանագիր է ստորագրել «ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարության 20–տոկոսանոց բաժնեմասը վաճառելու վերաբերյալ` իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։ Ընկերության բաժնետոմսերը վաճառվել են 156 մլն դոլարով կուտակված պարտքերի մարման դիմաց։ Արդեն փետրվարին «ՀայՌուսգազարդը» վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ԲԲԸ–ի։
«Ես այս գործարքը Հայաստանի համար տրամաբանական եմ համարում, թեև այն ժամանակ չէի աշխատում «ՀայՌուսգազարդում», բայց ճիշտ եմ համարում այն, քանի որ ոչ հայկական կողմը, ոչ էլ Գազպրոմը որևէ շահութաբաժին չեն ստացել ընկերության գործունեությունից, և ես անտրամաբանական ոչինչ չեմ տեսնում պարտքը սեփական ակտիվներով վճարելու որոշման մեջ, առավել ևս, երբ այդ կերպ կրճատում ենք պետական պարտքը»,– չորեքշաբթի Կարապետյանն ասաց խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում։
Նա հիշեցրեց, որ այն պահին աշխատում էր «Գազպրոմում» որպես տնօրենների խորհրդի անդամ, այն երեք ընկերությունների մենեջեր, որոնցից ոչ մեկը հայկական գազային ընկերության հետ կապ չուներ և, հետևաբար, չէր մասնակցում գործարքին որպես ռուսական գազային մենաշնորհայինի ներկայացուցիչ։
Ինչ վերաբերում է այն պահին գազի սակագնի ավելի մեծ նվազեցման հնարավորությանը, ինչը թույլ կտար խուսափել պարտքի մեծացումից, վարչապետն ասաց, որ «այդ պահին գազի սակագնի նվազեցումն անհնար էր»։
«Չգիտեմ, թե որքանով եք ինձ համարում, բայց գազի սակագինը Հայաստանի համար այն ժամանակներում հնարավոր նվազագույնն էր տարածաշրջանում։ Եթե մենք Հայաստանի գազամատակարարման թենդեր հայտարարեինք, ապա գինը զգալիորեն կարող էր աճել»,– ասաց Կարապետյանը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ստեղծվել է 1997 թվականին։ Գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարումը և բաշխումն է։ Բացի այդ, ընկերությունը զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։ ($1 – 482.26 դրամ) -0-