Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանն ակնկալում է միջազգային վարկանիշերի բարելավում Վաշինգտոնյան հռչակագրից հետո

24.09.2025, 17:30
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հույս ունի, որ Հայաստանի միջազգային վարկանիշերը «Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո կգան բնականոն մակարդակին»
Հայաստանն ակնկալում է միջազգային վարկանիշերի բարելավում Վաշինգտոնյան հռչակագրից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հույս ունի, որ Հայաստանի միջազգային վարկանիշերը «Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո կգան բնականոն մակարդակին»։

Նա նշեց, որ նախորդ տարիներին միջազգային վարկանիշային գործակալությունների հետ բանակցությունների ժամանակ հայկական կողմը հայտնել է իր անհամաձայնությունը Հայաստանին տրված վարկանիշների վերաբերյալ՝ մատնանշելով մակրոտնտեսական ցուցանիշները, կայունությունը և զգուշավոր ֆիսկալ քաղաքականությունը։

Սակայն, նրա խոսքով, միջազգային գործընկերները նշել են տարածաշրջանային ռիսկը, որը էական ազդեցություն է ունեցել երկրի վարկանիշի վրա։

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո դրական ազդակներ են ստացվել Fitch-ից, Moody's-ից և S&P-ից, սակայն նշվեց, որ վարկանիշի վրա ազդեցությունը նկատելի կլինի (Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի - խմբ.) ստորագրումից հետո։ Ինձ համար ավելի կարևոր է իրական ներդրողների արձագանքը։ Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ մեր վարկանիշները կգան բնականոն մակարդակին», - չորեքշաբթի ասաց նախարարը սեպտեմբերի 23-24-ը Երևանում անցկացված «Բանկային համակարգի ապագան. նորարարություններ և զարգացման հեռանկարներ» ֆորումի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ։

Օգոստոսի 19-ին Fitch Ratings-ը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը, հավանաբար, անմիջական ազդեցություն չի ունենա երկու երկրների վարկանիշների վրա, բայց կարող է նպաստել վարկային ոլորտում դրական միջնաժամկետ միտումների ձևավորմանը։

Հովհաննիսյանը նաև անդրադարձավ Հայաստանի ռիսկի հավելավճարին՝ ասելով, որ այն նվազում էր նույնիսկ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից առաջ, բայց այդ իրադարձությունից հետո «զգալի անկում է եղել»։ Սակայն նախարարը կոնկրետ թվեր չներկայացրեց։

2025 թվականի հուլիսին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատեց Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։

2024 թվականի փետրվարին Standard & Poor's Ratings-ը հաստատեց Հայաստանի Հանրապետության պարտավորությունների երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով «BB-»/«B» մակարդակում՝ անփոփոխ թողնելով «կայուն» կանխատեսումը։

2022 թվականի հոկտեմբերին Standard and Poor's (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատեց Հայաստանի պարտավորությունների երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով «B+»/«B» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։