Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում մեկ ամսում գրանցվել է պարենային մթերքի գների 3 տոկոսի աճ

20.01.2020, 15:16
Հայաստանում մեկ ամսում գրանցվել է պարենային մթերքի գների 3 տոկոսի աճ
Հայաստանում մեկ ամսում գրանցվել է պարենային մթերքի գների 3 տոկոսի աճ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./ԱՌԿԱ/. 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.0% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 19.9% գնաճերը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.9%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 19.9% գնաճ: Մրգի ապրանքախմբում1 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.7% գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ`4.9% գնաճ:

«2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.4%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.3 տոկոսային կետով»,– նշվում է զեկույցում։

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.0% գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Ձվի գինը 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 4.0%-ով, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1.1% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.9%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 4.9% գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ`0.3% գնաճ:

2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճ, ինչը ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճի արդյունք է:

2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 12.4%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 5.6% գնանկում:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 4.7%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.4%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1% գնանկում:

2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում արձանագրվել է 0.1% գնանկում:

2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.4 % գնաճ, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0,7%, նախորդ ամսվա նկատմամբ` 1,3%, 2019թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, 1,4%։ -0-