Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 28, կիրակի
եղանակը
Երևանում
-5

«ՀԷՑ» -ի կառավարիչը հայտարարել է, որ ընկերության սեփականատերը կարգավորողի հետ չի համաձայնեցրել 690 մլն դոլարի չափով վարկային երաշխիքները

11.11.2025, 15:20
«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի և ՄՖԿ-ի ներկայացուցիչներին հայտնել է, որ ընկերության սեփականատերը ՀԾԿՀ-ի հետ չի համաձայնեցրել 690 մլն դոլարի վարկային երաշխիքները
«ՀԷՑ» -ի կառավարիչը հայտարարել է, որ ընկերության սեփականատերը կարգավորողի հետ չի համաձայնեցրել 690 մլն դոլարի չափով վարկային երաշխիքները

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի և ՄՖԿ-ի ներկայացուցիչներին հայտնել է, որ ընկերության սեփականատերը չի  համաձայնեցրել 690 միլիոն դոլարի վարկային երաշխիքները Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետ։

Պետրոսյանն այս հայտարարությունն արել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Ներկայացուցիչ՝ Ջորջ Ախալկացիի, (EBRD), Ասիական Զարգացման Բանկի Վրաստանի գրասենյակի ավագ ներդրումային մասնագետ՝ Ժուժաննա Գաբրիելլա Դ. Մոսնիեի, (ADB) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ՀՀ-ում ավագ ներկայացուցիչ՝ Արման Բարխուդարյանի հետ քննարկման ժամանակ։

Պետրոսյանը նշել է, որ «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարումը ստանձնելուց հետո նա նախաձեռնել է ընկերությունում ֆինանսատնտեսական փաստաթղթերի, այդ թվում՝ աուդիտորական եզրակացությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված ֆինանսական հաշվետվությունների, միջազգային և հայաստանյան մասնավոր բանկերի հետ կնքված վարկային պայմանագրերի բազմակողմանի ոլորտային ուսումնասիրություններ:

Նրա խոսքով՝ ընկերության կողմից տրամադրվել են երաշխավորություններ/երաշխիքներ հայաստանյան 5 բանկերի միջոցով «Տաշիր» ընկերությունների խմբի հետ ուղիղ կամ անուղղակի փոխկապակցված մի շարք առևտրային ընկերությունների՝ փաստացի նաև խախտելով նշյալ միջազգային ֆինանսական կառույցների հետ կնքված պայմանագրերի համապատասխան դրույթները (ֆինանսական կովենանտների/պահանջների հետ կապված):

«2016-2025թթ. ընթացքում տրամադրված երաշխավորությունների ընդհանուր համագումարը կազմում է ավելի քան 690 մլն ԱՄՆ դոլար: Ժամանակավոր կառավարչի նշանակման պահին գործող երաշխավորությունների ֆինանսական բեռը կազմում էր ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար», - նշել է ՀԷՑ մամուլի ծառայությունը:

Նշվել է, որ այդ երաշխիքները ՀԷՑ-ը տվել է առանց ՀԾԿՀ-ի կողմից անհրաժեշտ համաձայնություն ստանալու, ըստ էության, այդ գործընթացներն Ընկերության կողմից իրականացվել են «գաղտնիության» ռեժիմում:

Ժամանակավոր կառավարիչը հավաստիացրել է, որ ինչպես ս.թ. հուլիսի 18-ից սկսած, այնպես էլ հետայսու Ընկերությունը կշարունակի սահմանված ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների՝ պատշաճ և ժամանակին սպասարկումը:

Կողմերը նաև քննարկել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության և ՎԶԵԲ, ԱԶԲ, ՄՖԿ-ի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ մի շարք խնդիրների՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս շարունակել փոխգործակցությունը և պարբերական հանդիպումների ընթացքում միմյանց հետ կիսվել խնդրո առարկայի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությամբ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր ՀԷՑ-ը ազգայնացնել կամ վաճառել «միջազգային, հեղինակավոր մասնագիտացված ընկերությանը՝ պահպանելով կառավարության բաժնեմասը»։ Նա նշել էր, որ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը կախված է գնից, որը պետք է որոշվի համակողմանի վերլուծության հիման վրա։