Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ գյուղնախարարությունը հորդորում է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ցրտահարությունների դեմ

25.03.2013, 18:51
Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների զանգվածային ծաղկումը այս տարի համընկել է գարնանային ցրտահարությունների հետ:
ՀՀ գյուղնախարարությունը հորդորում է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ցրտահարությունների դեմ
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների զանգվածային ծաղկումը այս տարի համընկել է գարնանային ցրտահարությունների հետ:

Հաշվի առնելով հնարավոր վտանգը, երեկ ողջ օրը , ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները` նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ:

 Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով` խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը չորսից յոթն ընկած ժամանակահատվածում:

Նախնական տվյալներով, վտանգի գոտում հայտնված տարածքների մեծ մասում , հաշվի առնելով , մասնագետների հորդորները, ողջ գիշեր իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Մասնագետների կարծիքով, ճիշտ և ժամանակին կայուն ծխածակույթի ապահովումը մեծապես կրճատում է կորուստների հավանականությունը:

«Ըստ օդերևութաբանների, այս գիշեր ևս ցրտահարման վտանգ կա:Ուստի խնդրում ենք այգետերերին ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ այսօր ևս մասնագետների խմբերը` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարների գլխավորությամբ գտնվում են համայնքներում, ուր դիտարկումների արդյունքում համապատասխան խորհուրդներ ու ցուցումներ են տալիս այգետերերին:-0-