ՀՀ ներքին առևտրաշրջանառությունը առաջին 11 ամիսների ընթացքում հասել է գրեթե 6 տրիլիոն դրամի. աճը՝ 3%
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 5 965 235.5 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3%-ով: Այս մասին հայտնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն:
Ընդ որում, 2025 թ.-ի նոյեմբերին այս ցուցանիշը կազմել է 641 312.3 մլն դրամ. աճը 2024 թ.-ի նոյեմբերի համեմատ կազմել է 1,5%, իսկ 2025 թ.-ի հոկտեմբերի համեմատ՝ 5,9%:
Ընդհանուր ծավալում մեծածախ առևտրի շրջանառությունը 11 ամսում կազմել է 3 902 329.6 մլն դրամ (տեսակարար կշիռը՝ 65,4%, աճը նախորդ տարվա 11 ամիսների համեմատ՝ 2,2%), մանրածախ առևտրի շրջանառությունը՝ 1 817 800.5 մլն դրամ (տեսակարար կշիռը՝ 30,5%, աճը՝ 4,1%), իսկ ավտոմեքենաների առևտրի շրջանառությունը՝ 245 105.4 մլն դրամ (տեսակարար կշիռը՝ 4,1%, աճը՝ 8,3%):
Մանրածախ առևտրի կառուցվածքում ընդհանուր մանրածախ շրջանառության 84,1%-ը բաժին է ընկնում խանութներին (ծավալը՝ 1 528 425.3 մլն դրամ, աճը՝ 4,1%), սպառողական ապրանքների շուկաներին՝ 3,2% (58 713.3 մլն դրամ, անկումը՝ 4,1%), կրպակներին՝ 1,2% (21 627.8 մլն դրամ, աճը՝ 3,2%), իսկ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներին՝ 0,8% (15 252.2 մլն դրամ, աճը՝ 0,5%):
Առևտրի այլ օբյեկտների բաժինը կազմում է 10,7% (193 781.9 մլն դրամ, աճը՝ 6,4%):