Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ կառավարությունը կաջակցի ցրտահարության հետևանքով տուժած ֆերմերային տնտեսություններին. Գյուղնախարարություն

07.05.2014, 18:34
ՀՀ կառավարությունը կաջակցի ցրտահարության հետևանքով տուժած ֆերմերային տնտեսություններին, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
ՀՀ կառավարությունը կաջակցի ցրտահարության հետևանքով տուժած ֆերմերային տնտեսություններին. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը կաջակցի ցրտահարության հետևանքով տուժած ֆերմերային տնտեսություններին, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Մարտի 30–ին տեղացած առատ ձյան, կարկուտի, ուժեղ քամու և ցրտահարության հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությունը լուրջ վնաս է կրել, որի չափը, Գյուղնախարարության նախնական տվյալներով, կազմել է 11 մլրդ 181 մլն դրամ (մոտ 27 մլն դոլար)։

«Գյուղատնտեսության նախարարն ու վարչապետը այցելել են սառնամանիքից տուժած համայնքներ, որպեսզի կազմեն վնասի պատկերն ու համապատասխան օգնություն ցուցաբերեն», – ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեին ֆերմերներին աջակցելու շրջանակում տրամադրվել է 487 մլն դրամ որպես ոռոգման ջրի օգտագործման համար վճարի 50 տոկոսանոց փոխհատուցում։

Նախատեսվում է ֆերմերների համար 100 տոկոսով փոխհատուցել հողի հարկը 278 մլն դրամի չափով։

Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը ապրիլի 10–ին թույլատրել է Գյուղատնտեսության նախարարությանը օգտագործել 85 մլն դրամ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ–ի բանկային նպատակային հաշվից։

«Միջոցներն օգտագործվել են բանջարաբոստանային կուլտուրաների, մասնավորապես` լոլիկի, վարունգի, սեխի և ձմերուկի սերմեր գնելու համար, որոնք նախատեսված են ցրտահարությունից տուժած ֆերմերային տնտեսությունների համար», – ասաց նա։

Պետրոսյանի խոսքով` գյուղնախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ «Հողագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ–ում տեղական սորտի լոլիկի մոտ մեկ միլիոն միավոր տնկիներ կարող են տրամադրվել բոլոր ցանկացող ֆերմերներին մատչելի գներով։ Նա նաև ավելացրել է, որ եթե մեկ միավոր տնկիի միջին շուկայական գինը կազմում է մոտ 6–8 դրամ, ապա գերատեսչությունը պատրաստ է տրամադրել այն ինքնարժեքով (մեկ միավորի դիմաց 3 դրամ)։

Կառավարության մեկ այլ որոշման համաձայն` գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում  տուժած ֆերմերներին կտրամադրվի գարու սերմ մեկ կիլոգրամի դիմաց 130 դրամով` նախկին 200 դրամի փոխարեն։  ($1 – 413,29 դրամ)-0-