Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է. նախարար

30.07.2025, 10:31
Նախարարը նշել է, որ ՀՀ-ից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը  համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին
Կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է կոնյակի արտահանման հետ կապված արձանագրված զարգացումներին։

Նա հիշեցրել է, որ Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էին ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։

«Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է։ Օրինակ երեկ Վրաստանի գործընկերները մեզ են փոխանցել հերթական տվյալները, ըստ որի, օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։ Եվս 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը»,- գրել է նա։

Նա հավելել է, որ այս վիճակագրությանը ևս մեկ բան է ապացուցում։

«Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին»,-շեշտել է նախարարը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել կոնյակագործներին համբերատարության, ըմբռնման և բարձրորակ արտադրանք թողարկելու համար։

Վրաստանի սահմանին հայկական բեռների հետ կապված իրավիճակի վերաբերյալ

Հունիսի 5-ին Պապոյանը հայտնել է, որ Վրաստանը թույլատրել է Հայաստանից ալկոհոլային խմիչքներով 52 մեքենայի անցումը Ռուսաստանի ուղղությամբ։

Ալկոհոլային խմիչքների հայ արտադրողները դիմել են պետական ​​և միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման բանկին, ՄԱԿ-ին, ԵԶԲ-ին և ԱՀԿ-ին՝ խնդրելով շտապ գնահատել Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։

Նամակում նշվում էր, որ վրացական կողմը, խախտելով ընդունված միջազգային առևտրի չափանիշները, զգալի նյութական վնաս է հասցնում հայ արտադրողներին, որոնք չեն կարողանում կատարել երրորդ կողմի նկատմամբ իրենց պայմանագրային պարտավորությունները։

Նամակի հեղինակները դիմել են միջազգային կազմակերպություններին և արտասահմանյան գործընկերներին՝ խնդրելով կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս չարտոնված շրջափակումը և վերացնել սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ապրանքների տարանցիկ տեղաշարժը իր տարածքով։

Խնդիրը լուծվեց հունիսի սկզբին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջամտությունից հետո։