Lydian Armenia–ի գործունեությունն Ամուլսարում կբացառի վնասակար արտանետումները շրջակա միջավայր. նախարար
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամուլսարի հանքավայրում Lydian Armenia–ի գործունեությունը կբացառի վնասակար արտանետումները շրջակա միջավայր։ Այդ մասին նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Ամուլսարի հանքավայրի շահագործմանը վերաբերող հիմնական թեմաներից մեկը Սևանա լճի ջրային ռեսուրսների, ինչպես նաև Ջերմուկի ջրային ավազանի վրա ազդեցության հարցն էր։ Փորձագետները եկել են եզրակացության, որ այս ջրերի վրա բացասական ազդեցություն չի լինի։ Պետք է նշել, որ Lydian Armenia ընկերության գործողություններն Ամուլսարի հանքավայրում կբացառեն վնասակար արտանետումները շրջակա միջավայր»,– ասաց նախարարը։
Խաչատրյանը նաև անդրադարձել է որոշ բնապահպանների և ակտիվիստների քննադատություններին, ովքեր ասում են, որ հանքավայրի շահագործման հետ կապված մի շարք ռիսկեր առայժմ հնարավոր չէ կանխատեսել, և դրանք հետագայում իրենց մասին կհայտնեն։ Նախարարը նշել է, որ այդ գնահատականները հիմնականում սուբյեկտիվ բնույթ են կրում։
«Երբ մենք խոսում ենք Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին, ապա նկատի ունենք կոնկրետ, չափելի շահեր։ Իսկ ինչ վերաբերում է շրջակա միջավայրի հնարավոր վնասին, ապա դրանք հիմնականում սուբյեկտիվ բնույթ են կրում»,– նշել է նախարարը։
Միաժամանակ Խաչատրյանն ասել է, որ կառավարությունը բնապահպանական ամենաբարձր չափանիշներին գործունեության համապատասխանության պարտավորություններ է առաջ քաշել ոչ միայն Lydian–ին, այլ նաև բոլոր այն ընկերություններին, որոնք Հայաստանում զբաղվում են լեռնահանքային գործունեությամբ։
«Մեզ բոլորիս հայտնի են այն ընկերությունները, որոնք մեր երկրում զբաղվում են լեռնահանքային գործունեությամբ, և ես վստահ եմ, որ, հետևելով իրավիճակին, նրանք շատ բան են հասկացել, և ոչ թե վաղը, այլ արդեն երեկ սկսեցին մտածել և աշխատել նրա շուրջ, որ բարձարցնեն իրենց բնապահպանական չափանիշները և արտադրությունն առավելագույնս անվտանգ դարձնեն»,– ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքակային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ և շփվել տեղի բնակչության հետ, մասնավորապես, Ամուլսարի հարցով։ -0-