Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը հեռանկարներ է բացում տարածաշրջանում և աշխարհում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար. Կովալենկո

12.09.2013, 16:38
Մաքսային միություն մտնելու Հայաստանի պատրաստակամությունը նրա ազգային շահերից է բխում, հեռանկարներ է բացում երկրի զարգացման, բարեկեցության բարձրացման և տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում դիրքերի և հեղինակության ամրապնդման համար, կարծում է Հայաստանում ՌԴ նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն։
ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը հեռանկարներ է բացում տարածաշրջանում և աշխարհում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար. Կովալենկո
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միություն մտնելու Հայաստանի պատրաստակամությունը նրա ազգային շահերից է բխում, հեռանկարներ է բացում երկրի զարգացման, բարեկեցության բարձրացման և տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում դիրքերի և հեղինակության ամրապնդման համար, կարծում է Հայաստանում ՌԴ նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն։

«Ես համոզված եմ, որ սա տարրական այբուբեն է, և անհասկանալի է, թե ինչ կարող էր լինել Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման ձգտման հիմքում, որն, իմ կարծիքով, կարգելափակեր եվրասիական գործընթացի միջոցով դաշնակից հարաբերությունների ամրապնդման միակ հնարավոր ուղղությունը»,– «Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները։ Հայաստանի ընտրությունը» թեմայով Երևան– Մոսկվա տեսակամրջի ընթացքում ասաց Կովալենկոն։

Դիվանագետը նկատեց, որ կասկած չուներ, որ Հայաստանն ի վերջո կընտրեր եվրասիական ինտեգրման ուղղությամբ զարգացման ճանապարհը` նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են ոչ միայն ռազմատեխնիկական և առևտրատնտեսական, այլ նաև մարդասիրական համագործակցության վրա։

«Մարդասիրական համագործակցությունը ամենասերտ մարդասիրական կապերի զարգացում է ենթադրում. դա և ռուսաց լեզուն է, և երկու մշակույթների փոխըմբռնումը, ի վերջո, Հայաստանի տարածքում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի ստեղծումն է»,–ասաց Կովալենկոն։ Ըստ նրա` համալսարանի մասնաճյուղի ստեղծումը թույլ կտա Ռուսաստանի հարավային շրջանների հայ երիտասարդությանը բարձրագույն կրթություն ստանալ ոչ թե Մոսկվայում, այլ Հայաստանում և հետագայում մնալ հայրենիքում և ծառայել նրան։ Նա ընդգծեց նաև Հայաստանի տարածքում գտնվող ռուսաց լեզվի ուսուցման շուրջ հարյուր կենտրոնների գործունեության կարևորությունը։

Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանին շատ թելեր են կապում, որոնք կտրելու ոչ ցանկություն կա, ոչ էլ հնարավորություն։ «Ռուսաստանը Հայաստանի համար արժեք է ներկայացնում անվտանգության բնագավառում, Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանով նաև ռազմավարական առումով, որպեսզի ներկա գտնվի Հարավային Կովկասում` որպես էական ուժ»,– ասաց Իսկանդարյանը։

ԱՊՀ երկրների Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն ավելացրեց, որ ռազմաքաղաքական համագործակցությունը մշտապես առաջնահերթ է եղել երկու երկրների հարաբերություններում։ «Եթե խոսենք համագործակցության տնտեսական կողմի մասին, հայտնի փաստեր կբերեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը, ռուսական բիզնեսը, ռուս ներդրողները Հայաստանի հիմնական ներդրողներն են, ռուսական կապիտալն այստեղ ներկա է տնտեսության  գրեթե բոլոր բնագավառներում»,– ասաց նա։

Մասնավորապես Մարկարովը նշեց էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության, արտադրության, այդ թվում արդյունաբերական արտադրության ոլորտներում ռուսական կապիտալի առկայությունը։ «Բոլոր այդ նախաձեռնությունները հայտնի են։ Անհրաժեշտ է պարզապես կուտակել և լրացնել, նոր բովանդակություն հաղորդել հնարավոր համագործակցությանը և հնարավորինս դրանք հասցնել  որակապես նոր մակարդակի»,– ասաց Մարկարովը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։--0--