Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների ընթացքին

28.03.2014, 18:46
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը  սկսվել է մարզերում,ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը  սկսվել է մարզերում,ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արմավիրի մարզում նախարարը  մարզպետ Աշոտ Ղահրամանյանի  հետ մարզպետարանում հանդիպել է  մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել  գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները:

«Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտևի,որովհետև այգիներում,ջերմոցներում և դաշտերում ձեզ ավելի կարևոր և հրատապ աշխատանք է սպասում: Պետք է օգտագործել յուրաքանչյուր պահն ու հնարավորությունը բերքի կորուստներ թույլ չտալու համար: Եվ ինչպես նախորդ տարիներին,այս անգամ նույնպես,մինչև վերջ մենք ձեզ հետ ենք լինելու»,-ասել է նախարարը:

Ճանապարհին նախարարը մտել է Մրգաշատ գյուղի ծիրանի այգիներից մեկը, ծանոթացել ցրտահարության դեմ տարվող միջոցառումներին , որոնցից գոհ է մնացել, և խորհուրդ տվել  այգում գտնվող գյուղացիներին շարունակել աշխատանքը հնարավոր վնասներից խուսափելու համար: «Մեկ-երկու օրվա անքուն գիշերներն անպայման կտան իրենց արդյունքները: Հավատացեք, որ թե'  ես,  թե' նախարարության ողջ  կազմը, թե՛ մարզպետարանն այդ մի քանի գիշերների ընթացքում ձեզ հետ ենք լինելու»,- նշել է նա:

Այնուհետև նախարարն այցելել է Արարատի մարզ,  մարզպետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպել է մարզի համայնքապետերին. հորդորել արդյունավետորեն և  նպատակային օգտագործել վտանգը չեզոքացնելու բոլոր հնարավորությունները:

Հիշեցնելով  նախորդ տարիների,մասնավորապես անցյալ տարվա փորձը, երբ մասնագետների խորհուրդներին ժամանակին  և ճիշտ արձագանքելու շնորհիվ, գյուղացիները կարողացան  ոչ միայն հաղթահարել վտանգը, այլև ապահովել վերամշակման և արտահանման աննախադեպ ծավալներ, նախարարը մասնավորապես ասել է. «Երեկ մեր մասնագետների կողմից տարածված հրատապ հաղորդագրությամբ գյուղացիներին առաջարկվող պայքարի միջոցները ավանդական են : Իսկ գյուղացիները մեզանից ավելի  լավ գիտեն, թե ինչը  ինչպես պետք է անել: Մենք միայն պետք է ժամանակին հիշեցնենք այդ մասին, համակարգենք այդ աշխատանքները և հարկ եղած դեպքում ձեռք մեկնենք գյուղացուն»:

Նախարարից բացի, այսօր մարզեր  են այցելել նաև  գյուղատնտեսության նախարարության այլ պատասխանատուներ ու մասնագետներ: Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եղել է Վայոց Ձորում, մյուս տեղակալ Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի մարզում: Մարզպետարաններում  համայնքապետերի հետ կայացած հանդիպումների ընթացքում, նրանք ներկայացրել են իրավիճակը, ծանոթացրել մասնագիտական խորհրդատվությանը:

Մոբիլիզացիոն վիճակը շարունակվել է նաև մյուս մարզերում, ուր ԳԱՄԿ-երի ներկայացուցիչներն ու մասնագետներն  ակտիվորեն տեղեկացրել են սպասվող ցրտահարությունների մասին, տվել մասնագիտական  խորհրդատվություն:-0-