Փաշինյան․ ՀՀ–ն շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացմամբ՝ դառնալով տարանցիկ երկիր
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացմամբ՝ դառնալով տարանցիկ երկիր, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային հաղորդակցությունները բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ներառյալ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, երկկողմ առեւտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ եւ տարանցիկ փոխանակում»,-նշել է Փաշինյանը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, դա ներառված է Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
«Այսինքն՝ մենք այստեղ ցուցաբերում ենք շարունակական հետաքրքրվածություն և պատրաստակամություն։ Մեր բոլոր քննարկումների մեջ շատ հստակ է՝ մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք և կպատկերացնենք Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում։ Սա շատ կարևոր է արձանագրել, որովհետև հետագա ցանկացած քննարկում տեղի է ունեցել և տեղի է ունենալու հենց այս համատեքստում»,-նշել է Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ քննարկվում է որևէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, քանի որ «խաղաղության խաչմերուկը» ահռելի ներդրումային ներուժ ունի։
«Որոշակի գործոններով մենք պետք է կանողանանք կոնսոլիդացնել այդ հետաքրքրությունները»,-ասել է նա։