Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս (ՎԻԴԵՈ)

04.07.2025, 13:48
Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք․ ՎԻԴԵՈ
ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք, պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս, հաղորդում է ՊԵԿ–ը։

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման գործունեության դեպք։ ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություներ էին ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում իրականացվում է առանց համապատասխան թույլտվության  ընդերքօգտագործման գործունեություն։ Վարչության ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցների ձեռնարկած  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվել են. Տեղ համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունն առանց ընդերքօգտագործման թույլտվության իրականացրել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ։

Հանքարդյունահանման իրական ծավալները պարզելու նպատակով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ տվյալ տարածքից տեղահանվել է շուրջ 6.8 խորանարդ մետր ծավալով հրաբխային խարամանման լեռնային զանգված և մոտ 65.5 խորանարդ մետր ծավալով բազալտանման լեռնային զանգված։ Ծավալված այս գործունեության հետևանքով դեգրադացվել է 6.210  քառակուսի մետր մակերեսով տարածք: Ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ: Արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կազմված նյութերի հիմքով, առերևույթ հանցագործության հատկանիշներով, հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին խստորեն հետևել օրենքի պահանջներին և զերծ մնալ ընդերքի կամ բնական պաշարների օգտագործումից՝ առանց համապատասխան թույլտվության կամ լիցենզիայի:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։