Ռուսաստանը պլանավորում է ընդլայնել արտահանումը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. Օվերչուկ
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային ճանապարհով դեպի Հայաստան իրականացնել ոչ միայն հացահատիկի, այլև այլ ապրանքների, մասնավորապես՝ պարարտանյութերի մատակարարումներ։
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն՝ մենք ունեցանք ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը, որն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով մտավ Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում և Հայաստանի ու Ադրբեջանի անկախության սկզբից ի վեր առաջին անգամ այդ երթուղով անցավ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը։ Դա ռուսական հացահատիկն էր։ Դրանից հետո եղավ ղազախական հացահատիկի մատակարարումը։ Մենք նաև քննարկում ենք այս գիծը այլ տեսակի բեռներով, պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը», - ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ միաժամանակ Ադրբեջանը սկսել է սեփական մատակարարումները դեպի Հայաստան՝ այնտեղ ուղարկելով նավթամթերքով բեռնված շարժակազմ։
Ըստ Օվերչուկի՝ Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են երկկողմ մատակարարումների ընդլայնումը հայկական ներմուծման հաշվին. «Խոսքը Հայաստանից դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի տարածքով հետադարձ բեռնափոխադրում ապահովելու մասին է»։
Ռուսաստանը նոր երկաթուղային ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով, հացահատիկի առաջին խմբաքանակը Հայաստան է հասցրել 2025 թվականի նոյեմբերի սկզբին։ Ինչպես հայտնել էր ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, մատակարարվել էր 1000 տոննա երրորդ կարգի ցորեն։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը տարեկան ներմուծում է շուրջ 450-500 հազար տոննա հացահատիկ, որի գրեթե ողջ ծավալը ստացվում է Ռուսաստանից։ Նախկինում արտահանումն իրականացվում էր հիմնականում ավտոտրանսպորտով՝ ցամաքային սահմանային անցակետով, ինչպես նաև ծովով՝ Վրաստանի նավահանգիստների միջոցով։ Նոր երթուղին (Ադրբեջանի և Վրաստանի տարածքով) թույլ է տալիս նվազեցնել տրանսպորտային ծախսերը և բարձրացնել մատակարարումների կայունությունը, նշել է ՌԴ գյուղնախարարությունը։
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է $5,72 մլրդ, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 47,8%-ով։ Հայաստանից ՌԴ արտահանումը կազմել է $2,38 մլրդ (9,2% անկում), իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ $3,48 մլրդ (59% անկում)։