Վրաստանը Հայաստանի հետ սահմանին մայրուղի կկառուցի. նախագիծը կարժենա 250 մլն եվրո
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար՝ մինչև Հայաստանի հետ սահման, գրում է Newsgeorgia.ge-ն։
Էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է օրենսդիր տեղեկագրում։
Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային նախագծի վարկային համաձայնագրի շրջանակում:
Նոր մայրուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, լինելու է չորս գոտիով, երկարությունը կազմելու է մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջները և անցումները։ Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։
Հրամանի տեքստից կարելի է եզրակացնել, որ մի քանի հողատերեր հրաժարվել են այն վաճառել կամ չեն համաձայնել առաջարկվող գնին, և այժմ օտարումը տեղի է ունենալու հարկադիր կերպով։ Հրամանում հղում է արվում Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածին, ըստ որի գույքի բռնագրավումը թույլատրվում է հանրային հրատապ կարիքների դեպքում՝ լրիվ և արդարացի փոխհատուցման պայմանով։
Հրամանում նշված են Մառնեուլիի շրջանում գյուղատնտեսական հողատարածքների երեք սեփականատերերի անուններ, որոնց հողերն անհրաժեշտ են ճանապարհի կառուցման համար՝ Վանո Գոմիաշվիլին, Ռենատ Քերիմովը և Նաիբ Ամիրովը:
Նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիայում։