Վրացական կողմը հետաքրքրված է ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձով․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ և առաջարկել փորձի փոխանակում իրականացնել։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ հանդիպմանը։
«Քննարկել ենք ճանապարհային ենթակառուցվածքների, ջրային ոլորտներում անելիքները, Հյուսիս ֊ հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։ Քննարկել ենք նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ մի շարք հարցեր», - նշել է Խուդաթյանը։
Ինչպես հայտնում է ՏԿԵ նախարարը, կողմերն ընդգծել են Հայաստան - Վրաստան բարեկամական հարաբերությունների և վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների ակտիվ շփումների կարևորությունը։
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։