Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանն ու Բեյրութը համատեղ առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման գաղափար են քննարկում

26.11.2012, 20:56
Հայ-լիբանանյան առևտրաարդյունաբերական պալատի ստեղծմանը վերաբերող հարցեր են քննարկվել երկուշաբթի Բեյրութում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հանդիպմանը, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Երևանն ու Բեյրութը համատեղ առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման գաղափար են քննարկում
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ-լիբանանյան առևտրաարդյունաբերական պալատի ստեղծմանը վերաբերող հարցեր են քննարկվել երկուշաբթի Բեյրութում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հանդիպմանը, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները դեռևս անբավարար են:

Սերժ Սարգսյանը և վարչապետ Նաջիբ Միկաթին ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, որը, կողմերի համոզմամբ, կարող է լուրջ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության ցուցանիշների բարելավման, ներդրումների խթանման, Հայաստանի և Լիբանանի գործարար շրջանակների միջև առավել սերտ կապերի հաստատման համար:

Փոխգործակցության զարգացման տեսանկյունից հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտները:

Միկաթիի հետ հանդիպումը կայացել է Բեյրութի Նահատակների հրապարակ կատարած այցելությունից հետո, որտեղ հայկական պետության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել հուշարձանին:

Օրվա ավարտին ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

Լիբանանի հայկական համայնքը հասնում է 100 հազարի։ Հայերը հիմնականում ապրում են Բեյրութում ու հարակից տարածքներում։ Այստեղ բնակվող հայերի մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են։

Երկրում գործում է Հայկազյան  համալսարանը, ինչպես նաև մի շարք հայկական դպրոցներ ու վարժարաններ։ Լիբանանի հայկական լրատվամիջոցների մեջ իրենց կարևոր դերն ունեն «Ազդակը» (ՀՅԴ պաշտոնական մարմին), «Զարթոնքը» (Ռամկավար ազատական կուսակցության թերթ) և «Արարատը» («Հնչակյան» կուսակցության շաբաթաթերթ)։

Լիբանանի կառավարությունում հայկական համայնքը երկու նախարարական պորտֆել ունի, խորհրդարանում` վեց պատգամավորական մանդատ։-0-