Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

ԵԶԲ–ն Հայաստանին 100 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս–Հարավ» ճանապարհի շինարարության աշխատանքներն իրականացնելու համար

09.04.2013, 14:47
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ)  Հայաստանին 100 միլիոն դոլար կհատկացնի «Հյուսիս–Հարավ» մայրուղու շինարարության աշխատանքների  իրականացման համար, երեքշաբթի ասաց Բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ։
ԵԶԲ–ն Հայաստանին 100 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս–Հարավ» ճանապարհի շինարարության աշխատանքներն իրականացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ)  Հայաստանին 100 միլիոն դոլար կհատկացնի «Հյուսիս–Հարավ» մայրուղու շինարարության աշխատանքների  իրականացման համար, երեքշաբթի ասաց Բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ։

«ԵԶԲ փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչև 100 մլն ԱՄՆ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարավային որևէ հատվածի նախագծման, շինարարության և տեխնիկական վերահսկողության աշխատանքների  իրականացման համար»,– Իգնատովի խոսքն է ներկայացված Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ։

Գագիկ Բեգլարյանը ներկայացնելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ներկա ընթացքը նշեց, որ մինչև տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։

Կարևորելով «Հյուսիս–Հարավ» ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը, նախարարն ընդգծեց, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ  ծրագրում ներգրավելու համար։

ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստում հաստատվել էր Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով` հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։

ՀՀ կառավարությունը 2010 թ.-ի հունվարի 14-ին հավանության է արժանացրել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի և Զարգացման ասիական բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագիրը:

Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման ներդրումային ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետևանքները,  տարանցիկ պետության կարևոր դեր խաղալ տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան շրջանակաձև ավտոմայրուղուն:--0-