Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է 100մլն դոլար ներդնել Հայաստանի նախագծերում

Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է 100մլն դոլար ներդնել Հայաստանի նախագծերում

ԱԼՄԱԹԻ (Ղազախստան), 16 մայիսի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) նախատեսում է 2023–2024թթ.–ին Հայաստանում 100մլն դոլարի չափով ֆինանսավորել մի շարք ենթակառուցվածքային նախագծեր էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Այս թեման քննարկվել է Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի (ADFIAP) տարեկան 46–րդ ժողովի շրջանակում։

«Նախորդ տարին բավականին լավն էր Հայաստանում ԵԶԲ–ի ծրագրերի առումով, և մենք ուզում ենք պահպանել նույն տեմպն այս տարի։ Տարեկան 100մլն դոլար Հայաստանի համար, սա այն թիվն է, որը մենք կարող ենք և ուզում ենք ներդնել ստանդարտ ռեժիմով», – հայ լրագրողներին ասաց ԵԶԲ նախագահի տեղակալ Դենիս Իլյինը Ալմաթիում անցկացվող կոնֆերանսի շրջանակում։

Միաժամանակ Իլյինը նշեց, որ Հայաստանում ԵԶԲ–ն, ըստ ավանդույթի, շեշտադրում է կատարել բանկերի հետ համագործակցության վրա, բայց իրավիճակը փոխվում է։ Այսպես, նրա խոսքով, նախորդ տարի 100մլն դոլարի ֆինանսավորումից միայն 5մլն դոլարն է ուղղվել բանկերի հետ նախագծերին, մնացածն ուղղվել է իրական հատվածին։

«Վերին Լարս» անցակետի արդիականացում

ԵԱՏՄ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը կարևորեց «Վարին Լարս» անցակետի արդիականացման և թողունակության ընդլայնման նախագիծը։

«Մենք հետաքրքրություն ենք ցուցաբերել այս նախագծում հնարավոր մասնակցության հարցում, բայց այստեղ անհրաժեշտ է ունենալ նախագծի նախաձեռնող (օպերատոր), որը կպատրաստի անհրաժեշտ ամբողջ փաստաթղթերը և տնտեսական մոդելը` ԵԱՏՄ–ի կողմից ֆինանսավորման համար։ Երբ գաղափարը կվերածվի նախագծի` մշակված տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, այդ ժամանակ դրա մասին կպատմենք», – ասաց Պոդգուզովը համաժողովի շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Էներգետիկ նախագծեր

Ինչպես նշեց ԵԶԲ–ի փոխնախագահ Իլյինը, «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ դիտարկվում են էլեկտրացանցերի և Հրազդանի ՋԷԿ–ի արդիականացման նախագծերը։

Ձեռնպահ մնալով մանրամասներից` Իլյինը նշեց, որ ավելի մանրամասն տեղեկատվությունը պատրաստ կլինի ամռանը։

«Հուսով եմ, որ հունիսին մենք արդեն կստորագրենք, կոմերցիոն պայմանների քննարկումը դեռ շարունակվում է», – ասաց ԵԶԲ–ի փոխնախագահը։

Երևանի մետրոպոլիտեն

Իլյինը նաև հաստատեց, որ Բանկը հետաքրքրված է մասնակցել Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։

«Սա շատ կարևոր նախագիծ է։ Մենք պատրաստ ենք ֆինանսավորել դրամաշնորհի տեսքով, ֆինանսավորել հետազոտական ասպեկտները և նախագծային փաստաթղթերի մշակումը։ Մեր Բանկը չի կարող աշխատել խոսակցությունների մակարդակում, անհրաժեշտ են կոնկրետ փաստաթղթեր և ֆինանսական մոդել», – պարզաբանեց Իլյինը։

Նա նշեց, որ կա հետաքրքրություն Հայաստանի իշխանությունների և Երևանի քաղաքապետարանի կողմից։
«Դիտարկվում են մի քանի սցենարներ։ Օրինակ, երկու նոր կայարանների կառուցում, պարկի թարմացում և ավելի արմատական սցենար` ողջ ենթակառուցվածքի կապիտալ վերանորոգմամբ։ Կարևոր է մետրոյի ընթացիկ ենթակառուցվածքը համապատասխանեցնել անվտանգության ժամանակակից չափորոշիչներին և շահագործման պայմաններին», – ընդգծեց Իլյինը։

Այլ նախագծեր

Իլյինն ավելացրեց, որ ԵԶԲ–ն դիտարկում է նաև քաղաքի զարգացման վերաբերյալ մի քանի նախագծեր և երկու նախագիծ էներգետիկ ոլորտում (որոնք կապված չեն «Տաշիր» ԸԽ–ի հետ)։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԶԲ–ն հետաքրքրված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմինատի (ԶՊՄԿ) արդիականացմամբ։

«Նախորդ տարին ԶՊՄԿ–ի մոտ վատը չէր, և կոմբինատի ղեկավարությունը վերանայել է իր ծրագրերը` որոշելով ժամանակավորապես հետաձգել արտաքին ֆինանսավորման հարցերը», – տեղեկացրեց Իլյինն` ավելացնելով, որ ԶՊՄԿ–ի հետ պահպանվում են մշտական աշխատանքային կապերը։

ԵԶԲ–ի նախորդ տարվա նախագծերը Հայաստանում

2022թ.–ին ԵԶԲ–ն Հայաստանի մասով ստորագրել է 100մլն դոլարի նախագծեր։ Խոսքը, մասնավորապես, 1000ՄՎտ («Նյու Էներջի» ընկերությունների խմբի նախագիծ` մոտ 37մլն դոլար արժեքով) ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման, էներգահաշվիչ սարքերի արտադրությամբ զբաղվող գործարանի արդիականացման («Տաշիր գրուպ» ԸԽ–ի նախագիծ` 30մլն դոլար արժեքով), մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ֆերմայի կառուցման մասին է («Երեմյան Ֆարմ» ԸԽ–ի նախագիծ` 25մլն դոլար արժեքով)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:51 16.05.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×