ՀՀ–ում բարձր են գնահատել ԿԶԵՀ–ի ներդրումը առողջապահության համակարգի կայուն գործունեության աջակցման գործում
ԵՐԵՎան, 24 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) պատվիրակությունը ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկել է երկրում սոցիալական նշանակություն ունեցող դրամաշնորհային նախագծերի իրականացումը։
Միջոցառմանը մասնակցել են ԿԶԵՀ–ի դրամաշնորհային ուղղության ղեկավար Թամարա Մալսագովան, ԿԶԵՀ ներդրումային ուղղության ղեկավար Արմեն Պողոսյանը, ՀՀ առղջապահության նախարարի առաջին տեղակալ և տեղակալ Լենա Նանուշյանն ու Լևոն Հակոբյանը։
Նախարարության ներկայացուցիչները նշել են ԿԶԵՀ–ի զգալի ներդրումը ՀՀ առողջապահության համակարգի կայուն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում։
Այսպես, ԿԶԵՀ–ը ՀՀ–ում ֆինանսավորում է ինֆեկցիոն հիվանդությունների տարածմանն արձագանքելու գործում առողջապահական համակարգի պատրաստակամության բարձրացմանն ուղղված նախագիծը։
Նախագծի շրջանակու վերակառուցվում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի «Արարատ» (քաղաք Արտաշատ) և «Արմավիր» (քաղաք Վաղարշապատ) մասնաճյուղերը, ինչպես նաև կառուցվում է ինֆեկցիոն կենտրոնի նոր շենքը Վանաձորում։
Արտաշատի օբյեկտը նախատեսվում է շահագործման հանձնել 2024թ․–ի ամռանը, Վաղարշապատինն ու Վանաձորինը՝ 2024–2025թթ․–ին։
Հայաստանում ԿԶԵՀ–ի նախագծերի թվում է կանանց շրջանում ուռուցքային հիվանդությունների կանխարգելման ծրագրի ֆինանսավորումը՝ 1մլն դոլարի չափով։ Մամոգրաֆիայի շարժական համալիրում հանրապետության հեռավոր շրջաններում բնակվող 50–69 տարեկան կանանց 38%–ը հետազոտվել է, 261 պացիենտ անցնում է անվճար բուժում։ Վաղ փուլերում (0–II) կրծքագեղձի քաղցկեղի բացահայտված դեպքերի մասնաբաժինը 84,4% է։ Կրկնակի նվազել է III–IV փուլերում հիվանդությունների հայտնաբերման մասնաբաժինը։ Չորս մարզերում առողջապահության առաջնային օղակում ներգրավված բուժաշխատողների ավելի քան 85%–ն անցել է ուսուցում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և ախտորոշման վերաբերյալ։
Մամոգրաֆիական հետազոտությունների ընթացում բացահայտվել է, որ հանրապետության տարբեր մարզերում հիվանդացության մակարդակը տարբերվում է։ Այս տվյալները հաշվի կառնվեն Վ․Ա Ֆանարջյանի անվան ուսուցքաբանության ազգային կենտրոնի գիտական ուսումնասիրություններում։
ԿԶԵՀ–ի դրամաշնորհային ծրագրերն ուղղված են սոցիալական ենթակառուցվածքի և ծառայությունների նկատմամբ բնակչության հավասար հասանելիության ապահովմանը, ինչը կայունության կարևոր բաղադրիչ է։ Հայաստանում դրամաշնորհային նախագծերի ընդհանուր ծավալը կազմում է 6,2մլն դոլար։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 9 միլիարդ դոլարից ավել ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: ԿԶԵՀ-ի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը: