Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

ԿԶԵՀ–ը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կգնահատեն Լոռիում և Տավուշում ջրհեղեղի հետևանքով վնասված կամուրջների վիճակը

03.12.2024, 19:57
ԿԶԵՀ-ը կիրականացնի անհրաժեշտ հետազոտություններ, ներառյալ՝ նյութերի և միացումների ամրության գնահատում
ԿԶԵՀ–ը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կգնահատեն Լոռիում և Տավուշում ջրհեղեղի հետևանքով վնասված կամուրջների վիճակը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) սկսում են մայիսյան ջրհեղեղից վնասված կամուրջների վիճակի գնահատում։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը կգնահատեն Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսին հեղեղումների գոտում գտնվող 8 կամուրջների տեխնիկական վիճակը։  

ԿԶԵՀ-ը կիրականացնի անհրաժեշտ հետազոտություններ, ներառյալ՝ նյութերի և միացումների ամրության գնահատում, ամրանների և մետաղների կոռոզիայի աստիճանի որոշում, երկար կամուրջների վիճակագրական և դինամիկ փորձարկումներ:

Բացի այդ՝ կգնահատվի վերանորոգման և շինարարական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը և կմշակվեն օբյեկտների հետագա մոնիթորինգի առաջարկներ: Լուծումներ կառաջարկվեն նաև տրանսպորտային ենթակառուցվածքները ջրհեղեղների բացասական ազդեցությունից պաշտպանելու համար։ Բոլոր աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև այս տարվա վերջ։ Ստացված տվյալները և մասնագիտական կարծիքը հիմնադրամն անվճար հիմունքներով կփոխանցի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։  

Մայիսի 25-26-ը տեղացած տեղումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշում և Լոռիում։ Բնական աղետը խլել է 4 մարդու կյանք, ավելի քան 440 մարդ փրկվել ու տարհանվել է։ Այս երկու շրջանների ջրհեղեղից տուժած բնակավայրերը հայտարարվել են աղետի գոտի։

Հայաստանում ԿԶԵՀ–ի նախագծերի մասին

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանում իրականացնում է ավելի քան 10 ծրագիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ջրային տնտեսությունը, ճանապարհաշինությունը և առողջապահությունը, էներգետիկան և պետական ​​բյուջեի աջակցությունը: Հիմնադրամի նախագծերի ընդհանուր պորտֆելը Հայաստանում հասնում է 840 մլն դոլարի։

ԿԶԵՀ-ի խոշորագույն նախագծերից են կայունացնող ֆինանսավորումը և բարեփոխումների աջակցություն (300 մլն դոլար), բյուջետային աջակցությունը (100 մլն դոլար), Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը (երկու նախագիծ՝ ընդհանուր $350 մլն), ոռոգման համակարգերի արդիականացումը (40 մլն դոլար):

Հայաստանի Հանրապետությունը ԿԶԵՀ-ի հիմնադիրներից է։