Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» առավելությունները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակ։
«Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա», – ասել է Փաշինյանը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին
2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» ֆորումի ժամանակ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների հաստատման «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ անվանելով բաց սահմանները, տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում արդեն ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որը պատասխանատու է լինելու Հայաստանով անցնող միջազգային հաղորդակցություններով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգության ապահովման համար։