ԵԱԶԲ–ն Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2026թ․–ի վերջին ակնկալում է մոտ 7%
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկն ակնկալում է, որ 2026 թվականի վերջին Հայաստանի վերաֆինանսավորման տոկոսադրույքը կգտնվի 7%-ի շրջակայքում: Այս մասին ասվում է ԵԱԶԲ շաբաթական մակրոակնարկում:
ՀՀ ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 15-ին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի:
«Որոշումը կապված է ներքին պահանջարկի և գնաճային սպասումների աճի հետ: Գնաճը բարձր է թիրախային միջակայքից (3±1%) 2026 թ. փետրվարից: Օգոստոսին գնաճը կազմել է 4,4% տարեկան, բազային գնաճը՝ 4,8% տարեկան»,- նշում են ԵԱԶԲ վերլուծաբանները:
ՀՀ ԿԲ տոկոսադրույքի նվազեցման փուլը մեկնարկել էր 2023 թվականի օգոստոսին, երբ կարգավորողը այն 10,75%-ից իջեցրեց 10,5%-ի: Հետագայում տոկոսադրույքը փուլ առ փուլ նվազում էր և 2025 թվականի դեկտեմբերին հասավ 6,5%-ի, ինչից հետո պահպանվում էր այդ մակարդակում: Սեպտեմբերի 15-ի որոշումը դարձավ տոկոսադրույքի առաջին բարձրացումը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր: