Рейтинг@Mail.ru
USD
366.07
EUR
422.23
RUB
4.4217
GEL
139.74
2026 թ. օգոստոսի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ԵԱՏՄ–ում Հայաստանի անդամակցության շարունակությունը կարտացոլվի կառավարության ծրագրում․ պատգամավոր

Այսօր, 18:41
ԵԱՏՄ–ում ՀՀ-ի կարգավիճակն ու անդամակցության շարունակությունը ամրագրված է «Քաղաքացիական պայմանագիր» -ի նախընտրական ծրագրում և դա իր արտացոլանքը կգտնի նաև կառավարության ծրագրում, հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը
ԵԱՏՄ–ում Հայաստանի անդամակցության շարունակությունը կարտացոլվի կառավարության ծրագրում․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ԵԱՏՄ–ում Հայաստանի կարգավիճակն ու անդամակցության շարունակությունը ամրագրված է «Քաղաքացիական պայմանագիր» -ի նախընտրական ծրագրում և դա իր արտացոլանքը կգտնի նաև կառավարության ծրագրում, հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Ինչպես տեսաք, ԵԱՏՄ Միջկառավարական նիստին Հայաստանը մասնակցեց և ներկայացրեց մեր դիրքորոշումը։ Նաև Հայաստանը ԵԱՏՄ բոլոր ֆորմատներում գործընթացներին ակտիվ մասնակցում է, իր ներդրումն է ունենում ինչպես քաղաքական առումով, այնպես էլ ֆինանսական միջոցների ծավալով Հայաստանն ակտիվ մասնակից է», - ասաց Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Նա նշեց, որ այս հարցի շուրջ Հայաստանը կշարունակի աշխատել ԵԱՏՄ անդամ գործընկերների հետ։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հանրաքվեի անցկացմանը՝ պատգամավորն ասաց, որ դա արհեստական օրակարգ է, քանի որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։

Կառավարության ծրագրի մասին

Օգոստոսի 5-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը:

Խորհրդակցության ընթացքում դիտարկվել են ծրագրի առաջնահերթությունները, տարբեր ուղղություններով ակնկալվող ցուցանիշները և նախատեսվող միջոցառումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում լրամշակել նախագիծը, որը կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման նոր Ազգային ժողով:

Ծրագրի նախագծի ամբողջական տեքստը նյութի պատրաստման պահին հրապարակված չէ:

Հայաստան - ԵԱՏՄ - ԵՄ

2025 թ.-ի գարնանը Հայաստանում ընդունվել է ՀՀ-ի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Ընդ որում, օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտի ներկայացում:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են Եվրամիության հետ մերձեցման կուրսը շարունակելու և միաժամանակ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու մտադրության մասին՝ քանի դեռ այս երկու ուղղությունների համատեղումը հնարավոր է մնում:

2026 թ.-ի մայիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է լիարժեքորեն օգտագործել միավորման ներուժը սեփական տնտեսական շահերի պաշտպանության համար: