ԵԱԶԲ–ն 2026թ․–ին ակնկալում է Հայաստանի բարձր տնտեսական ակտիվության պահպանում
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2026 թվականին ակնկալում է բարձր տնտեսական ակտիվության պահպանում աճի ներքին աղբյուրների հաշվին:
«Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.7%-ով (տ/տ) 2026 թվականի հունվար-հուլիսին՝ հունվար-հունիսի 7.9%-ից հետո: Դրան հիմնականում նպաստել են ծառայությունները (+13.2% տ/տ), աճի բարձր տեմպեր են նկատվել նաև շինարարության (+25.0%) և արդյունաբերության (+9.5%) ոլորտներում: Ծառայությունների ոլորտն աճել է ՏՏ և ուժեղ զբոսաշրջային ակտիվության հետ կապված ճյուղերի հաշվին»,- նշվում է ԵԱԶԲ շաբաթական մակրոակնարկում:
Բանկում անփոփոխ են թողել ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ իրենց 6% կանխատեսումը:
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
2026 թվականի պետական բյուջեում Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5.4% չափով: Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի II եռամսյակում աճել է 6.7%-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ԿԲ դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (A-B), սպասվում է 4.5-4.1%:
Միջազգային ֆինանսական կառույցների կողմից 2026 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները հետևյալն են․ ՀԲ՝ 5.3%, ԱՄՀ՝ 5.25%, ԱԶԲ՝ 5.5%, ՎԶԵԲ՝ 5.5%, ԵԱԶԲ՝ 6%, S&P Global Ratings՝ 4.9%, Fitch Ratings՝ 5.2%: