Рейтинг@Mail.ru
USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
+21

Ժողովրդագրությունը պետք է դառնա պետական քաղաքականության հիմք․ Ջրբաշյանը պատմել է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում բնակչության ծերացման

Այսօր, 15:37
Ժողովրդագրական տվյալները պետք է դառնան պետական քաղաքականության անբաժանելի մասը, կարծում է «Ամերիա» կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը
Ժողովրդագրությունը պետք է դառնա պետական քաղաքականության հիմք․ Ջրբաշյանը պատմել է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում բնակչության ծերացման

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ժողովրդագրական տվյալները պետք է դառնան պետական քաղաքականության անբաժանելի մասը, քանի որ հենց դրանք են թույլ տալիս ընդունել որոշումներ՝ հիմնված մարդկանց վարքագծի և հասարակության զարգացման երկարաժամկետ միտումների ընկալման վրա: Այս մասին հայտարարել է «Ամերիա» կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) 20-ամյակին նվիրված բիզնես-ֆորումում:

Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ ամբողջ աշխարհում քաղաքական գործիչներն ավելի ու ավելի հաճախ են խոսում մարդակենտրոն մոտեցման և մարդկային կապիտալի զարգացման մասին, գործնականում նման քաղաքականություն հնարավոր չէ իրականացնել առանց ժողովրդագրական գործընթացների խորը ըմբռնման:

«Երբ խոսքը վերաբերում է մարդկային կապիտալին, անխուսափելիորեն առաջ է գալիս ժողովրդագրության թեման։ Ժողովրդագրությունը մարդիկ են, նրանց վարքագիծը, ապագայի մասին նրանց պատկերացումները և տվյալները, որոնք թույլ են տալիս կանխատեսել հասարակության հետագա զարգացումը»,- ասել է Ջրբաշյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի Ժողովրդագրական ռազմավարության մշակումը սկսվել է 2021 թվականին և տևել է գրեթե երկու տարի։ Այդ ընթացքում իրականացվել է մասշտաբային վերլուծական աշխատանք, ինչը թույլ է տվել ուսումնասիրել ժողովրդագրական փոփոխությունների պատճառները, ուրբանիզացման, ինդուստրիալիզացիայի, առողջապահության վիճակի, պարենային անվտանգության և այլ գործոնների ազդեցությունը բնակչության վարքագծի վրա։

Ջրբաշյանը նշել է, որ վերլուծության առանցքային գործիքներից մեկն են դարձել Ազգային տրանսֆերտային հաշիվների (National Transfer Accounts) հետազոտությունները, որոնք թույլ են տալիս գնահատել սպառման և պետական ծախսերի բաշխումն՝ ըստ բնակչության տարիքի ու սեռի։ Բացի այդ, Հայաստանն աշխարհի սակավաթիվ երկրներից է, որն ամբողջությամբ ներդրել է Ժամանակի ազգային տրանսֆերտային հաշիվների (National Time Transfer Accounts) մեթոդաբանությունը՝ հիմնված բնակչության կողմից ժամանակի օգտագործման հետազոտությունների վրա։

«Այս գործիքը թույլ է տալիս գնահատել չվարձատրվող աշխատանքի տնտեսական արժեքը, որի մեծ մասը կատարում են կանայք: Հայաստանում խնամքի տնտեսությունը փաստացի տնտեսության խոշորագույն ոլորտներից է, սակայն տարածաշրջանի շատ երկրներում դրա իրական մասշտաբները դեռևս թերագնահատված են»,- ասել է փորձագետը։

Ջրբաշյանի խոսքով՝ պետական քաղաքականության մշակման ժամանակ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի երկրներում առկա սկզբունքորեն տարբեր ժողովրդագրական միտումները։

«Կան ծերացող բնակչությամբ պետություններ, ինչպիսիք են Հայաստանը, Ռուսաստանը և որոշակի չափով Ղազախստանը։ Միևնույն ժամանակ կան երկրներ, որոնք ապրում են ժողովրդագրական դիվիդենտի փուլ, օրինակ՝ Ուզբեկստանը և Տաջիկստանը։ Դրանք լիովին տարբեր հասարակություններ են, որոնք պահանջում են տարբեր մոտեցումներ պետական քաղաքականության և ներդրումների հարցում»,- նշել է նա։

Փորձագետը կարծիք է հայտնել, որ միջազգային կազմակերպությունները դեռևս բավարար չափով հաշվի չեն առնում այս տարբերություններն իրենց ծրագրերի իրականացման ընթացքում։

«Ժողովրդագրական տվյալների ինտեգրումը պետական որոշումների կայացման գործընթացին պետք է դառնա պարտադիր։ Այսօր մեր բոլոր երկրները բախվում են լուրջ ժողովրդագրական մարտահրավերների, և առանց այս գործոնները հաշվի առնելու հնարավոր չէ կառուցել արդյունավետ երկարաժամկետ քաղաքականություն»,- ընդգծել է Ջրբաշյանը:

Խոսելով 2024 թվականին ընդունված Հայաստանի Ժողովրդագրական ռազմավարության իրականացման առաջին արդյունքների մասին՝ նա նշել է, որ դրա առանձին դրույթներ սկսել են ներդրվել դեռևս մինչև փաստաթղթի պաշտոնական հաստատումը։

Նրա խոսքով՝ ռազմավարությունը կառուցված է չորս առանցքային ուղղությունների շուրջ՝ ընտանիքի և ծնելիության աջակցություն, վաղաժամ մահացության նվազեցում և մարդկային կապիտալի պահպանում, ակտիվ երկարակեցության զարգացում և միգրացիոն քաղաքականության կատարելագործում։

«Կարևոր է ոչ միայն ապահովել նոր մարդկային կապիտալի «ծնունդը», այլև պահպանել մարդկանց առողջությունը ողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև ստեղծել պայմաններ, որոնց դեպքում տարեց բնակչությունը կկարողանա մնալ ակտիվ և շարունակել հավելյալ արժեք ստեղծել տնտեսության համար»,- հայտարարել է Ջրբաշյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի համար ներգաղթի, արտագաղթի և միգրացիոն հոսքերի փոփոխության հարցերը ռազմավարական նշանակություն ունեն մարդկային կապիտալի պահպանման և զարգացման տեսանկյունից։

«ԱՌԿԱ» գործակալությունը բիզնես-ֆորումի մեդիագործընկերն է: