Հայաստանի 12,5%–անոց տնտեսական ակտիվության աճի դրայվերը ծառայությունների ոլորտն է. ԵԶԲ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար–մայիսին ավելացել է 12,5%–ով, դրայվերը ծառայությունների ոլորտն է` 19,9%–ի աճ, նշվում է ԵԶԲ–ի վերլուծաբանների շաբաթվա մակրոտեսության մեջ։
«Գրանցվում է աճի արագացում առևտրի և շինարարության ոլորտներում (հունվար–մայիսին` համապատասխանաբար 24,5% և 16,7%)։ Գործարար ակտիվությունը բարձր է մնում բարձր արտաքին պահանջարկի, դրամական փոխանցումների ներհոսքի և տուրիստական ակտիվության ֆոնին», – նշվում է ուսումնասիրության մեջ։
Վերլուծաբանները հաստատել են 2023թ.–ին Հայաստանի 7,5%-անոց տնտեսական աճի մասին ԵԶԲ–ի կանխատեսումը, ինչպես նաև նշել են, որ ուժեղ տնտեսական ցուցանիշների ֆոնին Moody’s վարկանիշային գործակալությունը հաստատել է սուվերեն վարկանիշը «Ba3» մակարդակում և բարելավել է դրա կանխատեսումը` «Բացասականից» «Կայուն»։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2023թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի չափով, գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%): Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2023թ.–ի հինգ ամսում գրանցել է 12,5%–անոց աճ` 2022թ.–ի հունվար–մայիսի համեմատ։ Գնաճը 2023թ.–ի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, կազմել է 1,3%, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է 1,8%–ի գնանկում։
ԿԲ–ի հունիսի կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 6,9%–ով, իսկ 12–ամսյա գնաճը կլինի փոքր ինչ ցածր թիրախային 4% ցուցանիշից։
Fitch–ը հայկական տնտեսության աճը 2023թ.–ին կանխատեսել է մինչև 6,1%, Moody's–ը` մինչև 7%։ Համաշխարհային բանկի գնահատմամբ, Հայաստանի ՀՆԱ–ի աճն ընթացիկ տարում կկազմի 4,4%, ԵԶԲ–ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 7,5%–ով, ՎԶԵԲ–ը հայկական տնտեսության աճը գնահատում է 5%, իսկ ԱՄՀ–ն կանխատեսում է 5,5%–ի աճ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:28 03.07.2023