Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

ԵԱՏՄ–ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հինգ տարում եռապատկվել է և հասել 8 մլրդ դոլարի․ ԵԱԶԲ ղեկավար

Այսօր, 11:42
Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը վերջին հինգ տարում աճել է երեք անգամ և հասել 8 միլիարդ դոլարի, Ալմաթիում ԵԱԶԲ-ի 20-ամյակին նվիրված բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը
ԵԱՏՄ–ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հինգ տարում եռապատկվել է և հասել 8 մլրդ դոլարի․ ԵԱԶԲ ղեկավար

ԱԼՄԱԹԻ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը վերջին հինգ տարում աճել է երեք անգամ և հասել 8 միլիարդ դոլարի, Ալմաթիում ԵԱԶԲ-ի 20-ամյակին նվիրված բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:

«Սա ցույց է տալիս, որ եվրասիական փոխկապակցվածությունը Հայաստանի համար աբստրակտ թեմա չէ, այլ առևտրի զարգացման և նոր հնարավորությունների իրացման գործոն», — ասել է Պոդգուզովը:

Նրա խոսքով՝ Հայաստանը նաև առաջատար է եվրասիական տարածաշրջանի երկրներից օտարերկրյա ներդրումների ներգրավման տեմպերով։ ԵԱԶԲ փոխադարձ ներդրումների մոնիտորինգի տվյալների համաձայն՝ 2020–2025 թվականներին նման ներդրումների ծավալն աճել է 78%-ով, ինչը հինգ անգամ գերազանցում է տարածաշրջանի միջին ցուցանիշը։

Պոդգուզովը նշել է, որ այս դինամիկայում զգալի ավանդ է ներդրել ԵԱԶԲ-ն։ Վերջին չորսուկես տարում բանկի ներդրումները Հայաստանում կազմել են 380 միլիոն դոլար, ինչը 30%-ով գերազանցում է երկրի գծով հնգամյա ռազմավարական կողմնորոշիչը։


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել է, որ երկու տասնամյակի ընթացքում ԵԱԶԲ-ն իրեն դրսևորել է ոչ թե պարզապես որպես ֆինանսական կառույց, այլ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր:

«ԵԱԶԲ-ի 2022–2026 թվականների ռազմավարության իրականացման ժամանակահատվածում Հայաստանում արդեն ֆինանսավորվել են գրեթե 400 միլիոն դոլարի նախագծեր։ Դրանք իրականացվում են էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի և տնտեսության իրական հատվածում, նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացմանը», — ասել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշել է, որ լոգիստիկայի, էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում մասշտաբային նախագծերը պահանջում են երկարաժամկետ ֆինանսավորում և ռիսկերի բաշխման արդյունավետ մեխանիզմներ։ Այս համատեքստում, նրա խոսքով, ԵԱԶԲ-ի դերը կայանում է բարդ նախագծերի կառուցվածքավորման, մասնավոր կապիտալի ներգրավման և հայկական ձեռնարկությունները բարձր ավելացված արժեքի եվրասիական շղթաներում ինտեգրելու մեջ։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մշակվող ԵԱԶԲ 2027–2031 թվականների ռազմավարությունը սինխրոնացված է Հայաստանի զարգացման ազգային օրակարգի հետ և համապատասխանում է երկրի տնտեսական զարգացման առաջնահերթություններին։

«ԱՌԿԱ» գործակալությունը բիզնես-ֆորումի մեդիագործընկերն է: