Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Բրազիլիան հայտնել է 66 մլրդ դոլարի չափով տնտեսության խթանման մասին

16.08.2012, 13:43
Բրազիլիայի իշխանությունները տնտեսության խթանման ծրագիր են պատրաստել, որի ծավալը գնահատվում է 65,5 մլրդ դոլար, հաղորդում է rbcdaily.ru-ն:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բրազիլիայի իշխանությունները տնտեսության խթանման ծրագիր են պատրաստել, որի ծավալը գնահատվում է 65,5 մլրդ դոլար, հաղորդում է rbcdaily.ru-ն:

Խոսքը վերաբերում է ընդհանուր 11 հազար կմ երկարությամբ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների լայնածավալ սեփականաշնորհմանը: Ենթադրվում է, որ երկրի տրանսպորտային համակարգի ճակատագրում մասնավոր կապիտալի մասնակցությունը ոչ միայն կբարելավի քաղաքների միջև հաղորդակցության որակը, այլ նաև կօգնի իշխանություններին վերականգնել ազգային տնտեսության աճի հին տեմպերը:

Բրազիլիան ԲՌՀՉ երկրներից առաջինն էր, որը հայտարարեց տնտեսության լայնածավալ խթանման մասին: Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը չորեքշաբթի տեղեկացրել է երկրի տրանսպորտային համակարգի լայնածավալ սեփականաշնորհման մասին: Առաջիկայում աճուրդի կհանվեն 5,7 հազար կմ ավտոմոբիլային և 5 հազար կմ երկաթուղային ճանապարհներին տիրանալու իրավունքները: Բրազիլիայի իշխանությունները հաշվարկում են, որ տրանսպորտային համակարգի փոխանցումը կոնցեսիոն կառավարմանը պետբյուջեին ավելի քան 60 մլրդ դոլար կբերի: Ավելին, ճանապարհներից հետո պետությունը մասնավոր ներդրողներին կառաջարկի ներդրումներ կատարել ենթակառուցվածքի մյուս օբյեկտներում, օրինակ՝ նավահանգիստներում:

Նախկինում Բրազիլիան արդեն վաճառել էր տեղական օդանավակայանների վերակառուցման և կառավարման իրավունքները՝ դրանով փրկելով շուրջ 14 մլրդ դոլար, այդ քայլը պայմանավորված էր 2014թ.-ին երկրում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ տրանսպորտային ենթակառուցվածքը հնարավորինս արագ նախապատրաստելու` իշխանությունների ցանկությամբ:

Նախագահի կողմից հրապարակված միջոցներում ընդգրկվել է նաև կենսաթոշակային բարեփոխումների անցկացումը: Մասնավորապես ենթադրվում է թոշակի անցնելու նվազագույն տարիք սահմանել 65 տարեկանը՝ տղամարդկանց և 60 տարեկանը՝ կանանց համար: Այժմ օրենսդրությունը թույլ է տալիս տղամարդկանց վաստակած հանգսի գնալ 35 տարվա ստաժ ունենալուց, կանանց՝ 30 տարվա աշխատանքային գործունեությունից հետո:

Տիկին Ռուսեֆի հայտարարած միջոցները պետք է խթանեն Բրազիլիայի տնտեսական աճը, որը վերջին շրջանում ուրախանալու առիթ չի տալիս: 2010թ.-ին 7,5 տոկոսանոց ՀՆԱ-ի աճից հետո , ՀՆԱ-ն ընդամենը 2,7 տոկոս է ավելացրել անցյալ տարի: Այս տարվա արդյունքում ակնկալվում է 2 տոկոսից ոչ ավել աճ:

Ինչպես ենթադրում են փորձագետները, տրանսպորտային համակարգի սեփականաշնորհումն ակնթարթային արդյունք չի ունենա տնտեսության աճի վրա, սակայն չափազանց կարևոր նշանակություն կունենա երկարաժամկետ առումով: Տեղական բիզնեսն արդեն բազմիցս քննադատել է իշխանությանը այն դրության համար, որում հայտնվել են ենթակառուցածքի շատ օբյեկտներ, որոնք վաղուց ներդրումների թարմ ներհոսք չեն տեսել: Այդ ակտիվների վերակառուցման և նորոգման միջոցների բացակայությունն էապես կապվում է ազգային արտադրողների ծախսերի հետ, որոնք վատ ճանապարհներ և նավահանգիստներ են կառուցում՝ այնպիսի խնդիրների հետ մեկտեղ, ինչպիսին է հարկման և ժողովրդավարության բարձր մակարդակը: -0-