Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՊԳԿ սպառողական գների ինդեքսը մայիսին նվազել է մինչև վեցամյա նվազագույնը. ՊԳԿ

04.06.2015, 19:00
ՊԳԿ սպառողական գների ինդեքսը 2015թ.–ի մայիսին կազմել է 166,8` նվազելով 1,4%–ով ապրիլյան ցուցանիշի համեմատ։ 2014թ.–ի նույն շրջանի համեմատ անկումը կազմել է 20,7%։
ՊԳԿ սպառողական գների ինդեքսը մայիսին նվազել է մինչև վեցամյա նվազագույնը. ՊԳԿ
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՊԳԿ սպառողական գների ինդեքսը 2015թ.–ի մայիսին կազմել է 166,8` նվազելով 1,4%–ով ապրիլյան ցուցանիշի համեմատ։ 2014թ.–ի նույն շրջանի համեմատ անկումը կազմել է 20,7%։

Միաժամանակ, մայիսին ինդեքսը հասել է 2009թ.–ի սեպտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաձայն` ընդհանուր ինդեքսի մայիսյան նվազումը պայմանավորված է մայիսին, ապրիլի համեմատ, հացահատիկի գնի 3.8 տոկոսով անկմամբ, կաթնամթերքի գների ինդեքսի` 2,9 տոկոսով և մսի գնի ինդեքսի 1 տոկոս նվազումով։

Շաքարի գնի ինդեքսն աճել է 2 տոկոսով` Բրազիլիայում սեզոնի ժամանակավոր ուշացման հետ կապված, չնայած առատ առաջարկին, իսկ բուսական յուղի և ճարպի գների ինդեքսն աճել է 2.6 տոկոսով, ինչը մասամբ պայմանավորված է մտավախություններով այն առիթով, որ Էլ Նինյոի ակտիվացումը կարող է ազդել Հարավ–Արևելյան Ասիայի արտադրության վրա։

Միաժամանակ, ՊԳԿ վերջին կանխատեսումների համաձայն, աշխարհում հացահատիկի արտադրության ծավալը 2015թ.–ին կկազմի 2 524 մլն տոննա, ինչը գրեթե 15 մլն տոննայով ավել է մայիսյան կանխատեսումից։

2015թ.–ին ցորենի արտադրության համաշխարհային ծավալը կանխատեսվում է 723 մլն տոննայի մակարդակում, ինչը 4 մլն տոննայով բարձր է մայիսյան կանխատեսումից, բայց 0,8 տոկոսով (6 մլն տոննա) ցածր անցած տարվա ռեկորդային մակարդակից։

ՊԳԿ համաձայն` ցորենի արտադրության նվազումը նախորդ տարվա համեմատ գլխավորապես պայմանավորված է ԵՄ–ում, Հնդկաստանում և ՌԴ–ում բերքի նվազումով, որոնց միասին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտադրության շուրջ 40 տոկոսը։

Հացահատիկի համաշխարհային առևտրի կանխատեսվող ծավալը 2015-2016 թթ. կկազմի 351 մլն տոննա, ինչը 1,1 տոկոսով (4,1 մլն տոննա) ցածր է, քան 2014-2015 թթ.։ Հացահատիկի համաշխարհային առևտրի ծավալների կրճատման վրա ամենից շատ կազդի ցորենի և գարու առևտրի ծավալների նվազումը։

ՊԳԿ կանխատեսումների համաձայն` 2015-2016 թթ. հացահատիկի սպառման համաշխարհային ծավալը կհասնի 2 525 մլն տոննայի, ինչը մի փոքր բարձր է մայիսյան կանխատեսումից և 1,2 տոկոսով (30 մլն տոննա) բարձր 2014-2015թթ. կանխատեսումից։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` երկրում հացահատիկի ամենամյա սպառումը կազմում է 650-720 հազար տոննա, որից 435-450 հազար տոննան պարենային կարիքներն են։ Պակասորդը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին 5 տարիներին ամեն տարի կազմել է 380-420 հազար տոննա։-0-