Ներդրողները վախեցել են Չինաստանի նոր թռչնի գրիպից
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չինաստանի առաջատար ավիաընկերությունների բաժնետոմսերը նախորդ շաբաթվա վերջին էժանացան երկրի մայրցամաքային մասում տարածված H7N9 թռչնի գրիպի նոր վարակի մասին նորությունների հիման վրա։ Հոնկոնգի բորսայում շատ ավիափոխադրողների գնանշումների անկումը գերազանցեց 10 տոկոսը։ Ընկերությունները մտավախություն ունեն համաճարակի դեպքում ուղևորների հոսքի զգալի նվազման առնչությամբ, գրում է РБК daily–ն։
Չինաստանի խոշորագույն ավիափոխադրող China Southern Airlines–ի (երկրի ներսում կատարած փոխադրումների 78 տոկոս) արժեթղթերը Հոնկոնգի առուվաճառքի ավարտին նվազել են 10,8 տոկոսով` նստաշրջանի ընթացքում հասնելով 15 տոկոսի (2001թ.–ից ի վեր գրանցված ամենալուրջ անկումը)։ Air China–ի բաժնետոմսերն էաժանացել են 10,5 տոկոսով, China Eastern Airlines–ի`10,4 տոկոսով, հոնկոնգյան Cathay Pacific Airways–ի`6 տոկոսով։
Չինաստանում H7N9 թռչնի գրիպի նոր վարակով վարակվածների քանակը մոտեցել է 20–ին, վեց մարդ է զոհվել։ Հիվանդության դեպքերը մասնավորապես գրանցվել են Խունան և Ցզյանսու գավառներում, ինչպես նաև Շանհայում։ Եվ չնայած վարակը մարդուց մարդու չի անցնում, Շանհայի և Պեկինի առողջապահության դեպարտամենտներն ամեն դեպքում բարձրացրել են համաճարակային վտանգի մակարդակը։ Ավելի վաղ H7N9 գրիպով մարդկանց հիվանդության դեպքերն աշխարհում չեն գրանցվել, այդ վարակի դեմ պատվաստանյութ չկա։
Ավիափոխադրումների բնագավառը հայտնվել է ատիպիկ թոքաբորբի (SARS) համաճարկից առավել ուժեղ տուժածների ցուցակում, որը 2002–2003թթ.–ին ամբողջ աշխարհում ավելի քան 800 մարդու կյանք խլեց։ Այդ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանձնարարեց զերծ մնալ Հարավային Չինաստան ուղևորություններից։ «Մարդիկ մտավախություն ունեն, որ նոր թռչնի գրիպը նույն տարածումը կգտնի, ինչպես SARS–ը,– Credit Suisse տրանսպորտային փոխադրումների վերլուծաբան Դևինի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։ –Որպես հետևանք` հանգստացողները կհրաժարվեն Չինաստան ուղևորությունից»։
Եկամուտների առումով չինական ավիափոխադրողներին նույնպես հարված հասցրեց 2004թ.–ի հունվարին H5N1 թռչնի գրիպի վարակը։ Այդ ժամանակ ՉԺՀ ամբողջ տնտեսության ընդհանուր վնասը գերազանցեց 100 մլրդ յուանը (12,1 մլրդ դոլար)։Այս անգամ նույնիսկ նոր համաճարակի նկատմամբ մտավախությունները կարող են զբոսաշրջիկների թվի լուրջ նվազում առաջացնել, որպես հետևանք` ուղևորների հոսքի պակաս։ Չինաստանի ավիաընկերությունը միայն վերջերս էր սկսել դուրս գալ 2008–2009թթ.–ի ֆինանսական ցնցումների հետ կապված ճգնաժամից։ 2012թ.–ին նրանք տեղափոխել են 318,9 մլն մարդ (2011թ.–ի համեմատ գրանցվել է 9 տոկոսանոց աճ)։ -0-