Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց մաքսային ձևակերպման մոտ 12 տոննա ավտոյուղ և շուրջ 130 անվանում դեղամիջոց

05.03.2020, 12:10
Բեռնատարով 12 տոննա ավտոյուղ և 130 անվանում դեղամիջոց են ապօրինի կերպով տեղափոխել Հայաստան
ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց մաքսային ձևակերպման մոտ 12 տոննա ավտոյուղ և շուրջ 130 անվանում դեղամիջոց

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են պետական ծառայության և տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքեր։ Մասնավորապես՝ օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ բեռնատար ավտոմեքենայով, առանց մաքսային ձևակերպման, կազմակերպվում է Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի ներմուծում։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց ընթացքում քաղաքացի Ա․Տ.-ի վարած բեռնատար ավտոմեքենան, գտնվելով օպերատիվ վերահսկողության ներքո, փետրվարի 26-ին մուտք է գործել ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, ենթարկվել կշռման ու կայանվել մաքսային հսկողության գոտում։ Երեք օր անց բեռնատարն, առանց մաքսային ձևակերպումներ ստանալու, անարգել  դուրս է եկել մաքսային կետ-բաժնի տարածքից, ուղևորվել Տավուշի մարզի Այրում քաղաք, որտեղ սակայն ավտոմեքենայի հետագա շարժը կանխվել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ավտոմեքենայի բեռնախցիկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 12 տոննա շարժիչային և  կոմպրեսորային յուղ։ Միաժամանակ վարորդի խցում գտնվող թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 130 անվանում դեղամիջոց։ Բեռնատարը  և ապրանքներն առգրավվել են։ 

«Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-