Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՔԿ. Կուտոյանի մահվան վայրում հայտնաբերվել են 30–40 պարկուճներ ու գնդակներ

17.01.2020, 20:15
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայրում հայտնաբերվել են  30–40 պարկուճներ ու գնդակներ
ՔԿ. Կուտոյանի մահվան վայրում հայտնաբերվել են 30–40 պարկուճներ ու գնդակներ

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայրում հայտնաբերվել են  30–40 պարկուճներ ու գնդակներ։

Այս մասին լրագրողներին հայտնեց Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Դեպքի վայրում հայտնաբերվել է Կուտոյանի դին,  Glock տեսակի ատրճանակ, տեղում հենց պարզել ենք, որ դա Կուտոյանին պատկանող զենքն է։ Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ», – ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110–րդ հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանությանը հասցնելը)։

«Խնդրում եմ հոդվածին առերևույթ չխաբնվեք այն առումով, որ 110–րդ հոդվածն է։ Ունենք հետևյալ դեպքը` հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահին հարուցվել է քրեական գործ 110–րդ հոդվածով, առաջ են քաշվելու բազմաթիվ վարկածներ` կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն` քողարկված ինքնասպանությունով, կան բազմաթիվ վարկածներ։ Հետագայում արդեն համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողություններով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել։ Քրեական գործը հարուցվել է այս պահին ունեցած տվյալների փաստով։ Տեսաձայնագրություններն առգրավման պրոցեսում են», – ասաց Մելիքյանը` նշելով, որ Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում։

«Դատաբժշկական փորձագետները վաղն արդեն ավելի ստույգ կպարզեն մարմնական վնասվածքների ծագումը։ Փորձաքննությամբ նաև կպարզվի արյան մեջ սպիրտի պարունակություն կա, թե ոչ», – նշեց Մելիքյանը։

Նշենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:–0–