Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում․«Գազելների» վարորդների մոտից դանակներ են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նպատակը հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովումն էր։
Տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։
«Արդյունքում վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Որոշ «Գազելների» վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 8 միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական», – նշում են գերատեսչությունից`հավելելով, որ ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու։–0–