Երևանում գիշերը սանմաքրում իրականացնող երկու աշխատակցի են դանակահարել. հարուցվել քրեական վարույթ
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./ԱՌԿԱ/. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու տղամարդ աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով ( զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Իրականացվում է նախաքննություն, կատարվել են առաջնային անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանցանքն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն հանցանքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր գիշեըը Ավան–Առինջում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:47 02.02.2023