Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ԱԱԾ. երկու պատանդ ազատ է արձակվել ՊՊԾ գնդի շենքի տարածքից

18.07.2016, 11:42
Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին։
ԱԱԾ. երկու պատանդ ազատ է արձակվել ՊՊԾ գնդի շենքի տարածքից

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։

«Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված մնալ:

ՀՀ ԱԱԾ–ի մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար:

«ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր և հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել: Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի և այլ ծանր հետևանքների հանգեցնող հանցավոր գործողություններից և դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ և հնարավորություն», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։ –0–