Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ ՌԴ–ի

13.07.2016, 14:17
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների կողմից  Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ ՌԴ–ի

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով pastinfo–ին։

Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես՝ պետությունը չի կանխարգելել Արաքսյա Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների կյանքի նկատմամբ ակնհայտ վտանգը կանխարգելելու իր պարտավորությունը՝ հստակ իմանալով, որ Վալերի Պերմյակովը ենթակա չէ զորակոչման, առավել ևս՝ իրավունք չունի զենքով ծառայություն իրականացնելու:

Բացի դրանից, ռուսական կողմը պատշաճ կարգով և ժամանակին չի տեղեկացրել հայ իրավապահներին Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին, ինչը կարող էր կանխել ողբերգությունը:

Որպես դատավարական իրավունքի խախտում նշվում է այն, որ ռուսական կողմի իրականացրած քննությունը հասանելի չի եղել տուժողի իրավահաջորդներին, ինչի հետևանքով իրենք զրկվել են գործի շրջանակում իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունից, մասնավորապես՝ միջնորդություններ ներկայացնելու, նախաքննական մարմնի որոշումները բողոքարկելու և այլ հնարավորություններից:

Գանգատում նշվում է նաև, որ Պերմյակովի կողմից զորամասը ինքնակամ լքելու մասին ՀՀ իրավապահ մամիններին շուրջ երեք ժամ ուշ տեղեկացնելու համար որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել:

ՄԻԵԿ 13-րդ հոդվածի խախտման առումով, ըստ գանգատաբերների, տուժողի իրավահաջորդների իրավունքների վերականգնման ուղղությամբ ներպետական մեխանիզմներ չկան, քանի որ ռուսական կողմի իրականացրած քննության նյութերին տուժող կողմը հնարավորություն է ունեցել ծանոթանալու վերջնական որոշման կայացման պահից շուրջ երեք ամիս անց միայն, երբ արդեն ՌԴ Քննչական կոմիտեում ավարտվել էին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով բոլոր վարույթները, և Պերմյակովը դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման:

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։ 

2015 թ.-ի օգոստոսին կայացած դասալքության գործով դատական գործընթացի ժամանակ Պերմյակովը խոստովանեց իր մեղքը և հայտնեց, որ զղջում է, սակայն հրաժարվեց դատավարության ժամանակ ցուցմունք տալ: Ռուսական կայազորային ռազմական դատարանը դատապարտեց նրան 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում` դասալքության և զենքի հափշտակության համար:

Հայաստանի քննչական կոմիտեն 2015 թվականի հոկտեմբերի 16–ին Պերմյայովին նոր մեղադրանքներ է առաջադրել։ Քննության տվյալներով, սպանությունն ուղեկցվել է ավազակային հարձակմամբ, անօրինական տուն ներխուժելու և գույքի հափշտակության հետ, ինչից հետո կատարվել է սահմանն ապօրինի հատելու փորձ։ Պերմյակովին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրվել «ավազակային հարձակում», «անօրինական ներխուժում», «կողոպուտ», «պետական սահմանի հատման փորձ» հոդվածներով։ Նա ընդունել է իրեն առաջադրած բոլոր մեղադրանքները։ -0-