Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Մուրադյան. Երևանում բախումների հետևանքով տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում

21.07.2016, 15:41
Երևանում ոստիկանության և ցուցարարների միջև գրանցված բախումների հետևանքով տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։  
Մուրադյան. Երևանում բախումների հետևանքով տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում ոստիկանության և ցուցարարների միջև գրանցված բախումների հետևանքով տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։  

Չորեքշաբթի երեկոյան ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտակայքում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ շենքի մոտ հավաքված ցուցարարները պահանջեցին լուծել զինված խմբի անդամների սննդի հարցը։ Մասնավորապես, նրանք ուզում են, որպեսզի զինված խմբի անդամներին սնունդ տանեն ոչ թե ոստիկանները, այլ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանությունը հաշված րոպեներում ցրեց ցուցարարներին Խորենացի փողոցից։ Գործողությունները սկսվեցին երկու զգուշացումից հետո։ Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։

Նախարարը նաև հաստատեց տուժածների թվի մասին տեղեկությունը։

«Ծանր էր Գագիկ Մկրտչյանի վիճակը, սակայն, հնարավոր է, որ նրան արդեն անջատեն արհեստական շնչառության սարքից», – ասաց Մուրադյանը։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած շարունակում է հիվանդանոցային բուժումը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։ 

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ –0–