ՊՊԾ գնդի տարածքում զինված միջադեպի հետևանքով հիվանդանոցային բուժում է ստանում 11 հիվանդ, որից 4–ը` ոստիկան
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Եվս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-