Հաստատվել է Տուլայի ՃՏՊ–ում տուժածներին և զոհվածների ընտանիքներին տրամադրվող փոխհատուցման գումարը
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է ՌԴ Տուլայի մարզում Մոսկվա–Երևան ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ–ի տուժածներին (ՀՀ քաղաքացիներին), ինչպես նաև վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրվող փոխհատուցման գումարի չափը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Նիստի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դիմեց կառավարությանը 50 մլն դրամ (ավելի քան 100 հազար դոլար) հատկացնելու խնդրանքով` ՃՏՊ–ում տուժածների փոխհատուցումը վճարելու, ինչպես նաև զոհվածների հուղարկավորության կազմակերպման և ռուսական հիվանդանոցներում բուժման նպատակով գտնվող տուժածներին հայրենիք վերադարձնելու նպատակով։
ՃՏՊ–ի հետևանքով ինը զոհերի ընտանիքները կստանան 1,5 միլիոնական դրամ (շուրջ 3,1 հազար դոլար), Հայաստանի և Ռուսաստանի բուժհաստատություններում բուժումը շարունակող տուժածները կստանան 700 հազարական դրամ (1,4 հազար դոլար), մնացալ բոլոր ուղևորները կստանան 500 հազարական դրամ (մոտ հազար դոլար)։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին ցուցաբերված աջակցության համար։
Մոսկվա–Երևան երթուղով ուղևորվող ավտոբուսում եղել է ավելի քան 60 մարդ, բոլորը` ՀՀ քաղաքացիներ։ Նոյեմբերի 3–ին Տուլայի մոտակայքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով զոհվել է 9 մարդ։
Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավել անձանց մահվան» հոդվածի հատկանիշներով, նա ձերբակալված է։–0–