Արարատում ոստիկանը բեզոարյան այծ է որսացել և մորթել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արարատի ոստիկանության աշխատակիցը բեզոարյան այծ է որսացել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչը, որը ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկի ծառայող է, դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դաշտաքար գյուղից 2 կմ հեռու «Կոթոբուլախ» կոչվող վայրում, իր օրինական ակոսափող հրազենով որսացել է բեզոարյան այծին։ Այնուհետև մորթել և իր մեքենայով տեղափոխել է Ազատավան գյուղի իր ծանոթի տուն՝ մորթին մշակելու նպատակով:
«Դեկտեմբերի 15-ին ոստիկանը ներկայացել է Արտաշատի բաժին, տվել խոստովանական բացատրություն ու ներկայացրել հրազենը: Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվող նյութերն զուգահեռ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն«,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հանգամանքները պարզվում են։ -0-