Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արտերկրում հայտնաբերվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին, նրան էքստրադիցիայի կենթարկեն

07.12.2018, 18:55
Հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։
Արտերկրում հայտնաբերվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին, նրան էքստրադիցիայի կենթարկեն

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արտերկրում հայտնաբերվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը, ով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

«Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

«Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ», – հայտնում են ոստիկանությունից։–0–