Ինքնահրկիզման փորձ Երևանում
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ուշ երեկոյան Երևանում ինքնահրկիզման փորձ է կանխվել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկարար ծառայությանը։
Մասնավորապես, նոյեմբերի 10-ին, ժամը 23.10-ին Փրկարար ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարրա, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը։
«Դեռևս չբացահայտված հանգամանքներում 40–ամյա Լ. Ս.-ն երեխաների հետ փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութը (բենզին) իր վրա լցնելով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը:
«Կինը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին և ստորին վերջույթների շրջանում և հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն», – հայտնում է Փրկարար ծառայությունը։
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:–0