Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Գյումրիում ընտանիքի գնդակահարման հանցագործության բացահայտումը Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո է

12.01.2015, 17:26
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Գյումրիում ընտանիքի գնդակահարման հանցագործության բացահայտումը  Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո է
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ոստիկանության տվյալներով, երկուշաբթի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

2014թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոց և վիրահատվել։ Այս պահին երեխան վերակենդանացման բաժնում է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Խորհրդակցության  ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:

«Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո»,– նշվում է մամուլի ծառայության հաղորդման մեջ։

«Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը»,– հայտնել են մամուլի ծառայությունից։

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի:

Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ:

Հանցագործության փաստով հարուցվել է քրեական գործ։ Քննությունը հանձնարարվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչությանը։

Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ: -0-