Քրեական գործ է հարուցվել «Երևան-Սիթիի» տարադրամի փոխանակման կետի վրա կատարված հարձակման դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
2018 թվականի հուլիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ դիմակավորված և զինված անձը Ավանի «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակություն է կատարել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Նախնական տվյալներով՝ հուլիսի 21-ին ժամը 03:40-ի սահմաններում, ատրճանակով զինված անձը՝ բժշկական դիմակով, մուտք է գործել Երևան քաղաքի Հ.Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «Երևան-Սիթի» սուպերմարկետ և, ատրճանակն ուղղելով տարադրամի փոխանակման կետի աշխատակցի և ծխախոտների վաճառքի բաժնի աշխատակցուհու ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել է իրեն հանձնել փոխանակման կետում առկա գումարը: Հափշտակելով տարբեր արտարժույթի խոշոր չափերով գումարը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դիմել է փախուստի։
Դեպքի առթիվ հուլիսի 21–ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (ավազակություն) և 235-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (պօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Մշակվել է քննչական պլան, և իրականացվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:11 23.07.2018