Բացահայտվել է երևանյան շուկայում 60–ամյա տղամարդու սպանությունը, հայտնի է շարժառիթը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Բացահայտվել է Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանությունը:
Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում սպանության կասկածանքով ձերբակալվել է 1963թ. ծնված տղամարդը:
2017 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից ձախ վերանրակային շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ Լ.Ասատրյանի դիակը։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել դեպքի վայրի զննություն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով
Գործի շրջանակում ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1963թ.։
Նախաքննության տվյալներով, դեպքից օրեր առաջ տուժողը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 1963թ ծնված, կոշիկի ներդիրների վաճառքով զբաղվող տղամարդու հետ, ով, վրեժխնդրությունից դրդված, դեկտեմբերի 22-ին գնացել է Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկա և դանակով 2 անգամ հարվածել 60-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի։
Կասկածյալը հունվարի 17-ին ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:41 18.01.2018