Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Հայրիկյանի վրա կրակել են ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերված նագանից. ԱԱԾ

11.02.2013, 14:00
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կրակել են «Նագան» տեսակի ատրճանակից, որը հայտնաբերվել է այդ գործով ձերբակալվածներից մեկի մոտ, հաղորդեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից` հղում անելով փորձաքննության արդյունքներին։
Հայրիկյանի վրա կրակել են ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերված նագանից. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կրակել են «Նագան» տեսակի ատրճանակից, որը հայտնաբերվել է այդ գործով ձերբակալվածներից մեկի մոտ, հաղորդեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից` հղում անելով փորձաքննության արդյունքներին։

Հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրազենային վերք է ստացել ուսի շրջանում, ինչից հետո հաջող վիրահատություն է տարել։

Ուրբաթ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացրեց, որ Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը։ Իսկ մեկ օրից հաղորդագրություն է ստացվել կալանավորվածներից մեկի բնակարանում «Նագան» տեսակի  ատրճանակի հայտնաբերման մասին։ Նման տեսակի զենքից, ըստ մասնագետների, կրակոցներ են իրականացվել դեպքի վայրում։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն` ատրճանակը հայտաբերվել է կասկածյալ Խաչատուր Պողոսյանի կնոջ հայտնած տեղեկությունների հիման վրա:

«Առգրավված զենքն ուղարկվել էր դատաձգաբանական փորձաքննության: Քրեական վարույթն իրականացնող մարմինն արդեն ստացվել է փորձագետի  եզրակացությունը, որով  պարզ է  դարձել, որ դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր  Հայրիկյանի  վիրահատությամբ մարմնից հայտնաբերված 2 հատ  7,62 մմ տրամաչափի գնդակներն արձակվել են դատաձգաբանական փորձաքննության  ուղարկված «Նագան» տեսակի  թմբուկավոր  ատրճանակից»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է իրականացվող նախաքննության ոչ լիարժեքության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ԱԱԾ մամուլի կենտրոնից մեկնաբանեցին, որ քննության առաջին իսկ օրից կիրառվել և կիրառվում են օրենքով նախատեսված մատչելի և անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի յուրաքանչյուր հանգամանք անվերապահ հաստատելու համար:

«Հավաստիացնում ենք, որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կստուգվի ցանկացած ողջամիտ կասկած կամ կքննարկվի ամեն մի պահանջ, որը կբխի գործի համակողմանի և օբյեկտիվ քննության շահերից»,- ասվում է հաղորդագրությունում։ –0–