Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Ռուսական կողմը կշարունակի Հայաստանի հետ գործակցել հայ ընտանիքի սպանության փաստով հարուցված գործի շրջանակում

13.01.2015, 15:02
Ռուսական կողմը կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը` հարուցված քրեական գործի շրջանակում, երեքշաբթի հայտնեց ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը Գյումրիում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի  հետ հանդիպման ժամանակ։
Ռուսական կողմը կշարունակի Հայաստանի հետ գործակցել հայ ընտանիքի սպանության փաստով հարուցված գործի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական կողմը կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը` հարուցված քրեական գործի շրջանակում, երեքշաբթի հայտնեց ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը Գյումրիում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի  հետ հանդիպման ժամանակ։

ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը Հայաստան է ժամանել ռուսական ռազմական գերատեսչության հանձնաժողովի կազմում` ողբերգության պատճառները պարզելու համար։

Ոստիկանության տվյալներով, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։

Ինչպես հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Բախինը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները:

Նա, մասնավորապես, տեղեկացրել է շարքային Վալերի Պերմյակովի ձերբակալության, ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ` հարուցված քրեական գործի շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարարը հորդորել է շարունակել համադրված աշխատանքը երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ:

Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունը հայտնել է, որ հունվարի 13–ին ժամը 00։15–ին սահմանապահ ջոկատը հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ ձերբակալել է 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Պերմյակով Վ.–ին։

Ընտանիքի սպանության փաստի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Գյումրու սպանության գործի նախաքննությամբ զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը։-0-